Դա լեզվական վարժանք է. Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի մասին հայտարարությանը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, շարունակում են արդիական մնալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ։

Մեկնաբանելով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը՝ Զախարովան կարևորել է, որ Հարավային Կովկասում խաղաղ գործընթացները կրեն կայուն, երկարաժամկետ բնույթ, հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր երկրների և նրանց հարևանների շահերը: «Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է բորբոքի կոնֆլիկտային ներուժը և նոր բաժանարար գծեր ստեղծի։ Նման մոտեցումը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը», – նշել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ կողմերից ոչ մեկը դուրս չի եկել դրանցից։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «նոյեմբերի 9-ը մնացել է անցյալում» հայտարարությանը` Զախարովան նշել է, որ դա լեզվական վարժանք է. այդպես կարելի է բնութագրել վարչապետի երեկվա հայտարարությունը: Նրա խոսքով՝ հեռանալու կամ դուրս գալու մասին լեզվական, ոճաբանական արտահայտությունները մի բան են, գոյություն ունեցող փաստաթղթերը` մեկ այլ բան: Եվ պետք է մեկնաբանել ոչ թե տեղեկատվությունը ներկայացնելու ոճը, այլ փաստերը։