Ռեյ Չարլզի հայուհի մուսան
1915թ-ին Խարբերդի կոտորածների ժամանակ թուրքերը կացնահարեցին հազարավոր հայերի, որոնց թվում էր Ավետիսյանների ընտանիքը։ Այդ ընտանիքից փրկվեցին միայն երեքամյա Մանուշակ Ավետիսյանն ու նրա երկու եղբայրները։ Երեխաներին հաջողվեց հայ փախստականների խմբերի հետ հասնել Մոսուլ՝ Իրաք, որտեղ նրանք բաժանվեցին․․․
Մանուշակը Մոսուլում ապրեց տասնհինգ տարի՝ չիմանալով իր արմատների և ազգային պատկանելիության մասին։ Միայն իր տասնիններորդ տարեդարձին նրան որդեգրած ընտանիքը պատմում է այն մասին, որ աղջիկն ազգությամբ հայ է և ունի երկու եղբայրներ՝ Փարիզում և Սալոնիկում։ Արյան կանչի հետքերով՝ Մանուշակին հաջողվում է գտնել իր երկու եղբայրներին, և նա տեղափոխվում է Փարիզ։ Փարիզում աղջիկը ծանոթանում է մեկ այլ փախստական ընտանիքի զավակի՝ Սիմոնի հետ։ Շուտով Սիմոնն ու Մանուշակը ամուսնանում են։ Հաջորդ երեք տարիներին ընտանիքում ծնվում են նրանց որդին և դուստրը։ Մանուշակն ու Սիմոնը հասարակ մարդիկ էին և շատ հեռու էին արվեստից, սակայն նրանք իրենց երեխաների ուսման համար ոչինչ չէին խնայում․ նրանց երկու երեխաներն էլ շատ էին սիրում երաժշտություն։ Քույր ու եղբայր հաճախ փոքրիկ համերգներ էին բեմադրում ծնողների համար։ Տարիներ անց, երբ եղբայրն արդեն ջազ ակումբներում էր նվագում, մի օր քույրը այցելում է նրան և անմնացորդ սիրահարվում ջազին։ Եղբոր միջնորդությամբ՝ քույրը սկսում է երգի բառեր գրել ջազմենների համար, իսկ ավելի ուշ սկսում գրել նաև երաժշտությունը։ 1963թ-ին աղջիկն իր առաջին ստեղծագործություններն է ներկայացնում՝ ներկայանալով Էն Գրեգորի կեղծանվամբ։ 1967թ-ին Էն Գրեգորին նոր ստեղծագործություն է գրում ֆրանսիացի ջազ երգչուհի Նիկոլետի համար, սակայն նրան անսպասելի առաջարկ է գալիս Նյու Յորքից։ Հայտնի մի երգիչ նրան առաջարկում է այցելել ԱՄՆ և համագործակցել իր հետ։ Մեկ տարի անց ամերիկացի երգիչն առաջին անգամ կատարում է Էն Գրեգորիի հետ համատեղ գրած երգը, և այդ կատարումը ցմահ մնալու էր ամերիկացի երգչի երգացանկում․․․
Ամերիկացի երգչի և Էն Գրեգորիի համագործակցությունը շարունակվում է տասը տարի և ավել։ Այդ ընթացքում Էնը գրում է ամերիկացի երգչի հայտնի հիթերի բառերը։ 1973թ-ին Էն Գրեգորիի բառերով գրված՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Կուլակի երգը դառնում է Եվրատեսիլի հիթը։ Այն հրաշալի կատարում է ֆրանսիական էստրադայի աստղ Մարտինա Կլեմասնոն։ Ի դեպ՝ կոմպոզիտոր Պոլ Կուլակի իսկական անունն էր Պողոս Կուլակսիզյան։
Դրանից հետո ամերիկացի հայտնի երգչի և Էն Գրեգորիի համագործակցությունն անցնում է գործնականի սահմանը․ 1977թ-ին ծնվում է նրանց որդին՝ Վինսենտը։ Որովհետև զույգը պաշտոնապես ամուսնացած չէր, Վինսենտի ծնունդը երկար ժամանակ գաղտնի է պահվում ամերիկյան շոու բիզնեսի համար․․․
Էն Գրեգորին իր երաժշտական կարիերայի ընթացքում համագործակցել է համաշխարհային բազմաթիվ գերաստղերի հետ։ Նա ոչ միայն գրել է բազմաթիվ երգիչների հայտնի երգերի բառերը, այլև ինքն է թողարկել ութ ալբոմներ։ Սակայն բոլոր մեծությունների մեջ առանձնանում էր հենց այն հայտնի երգիչը, որը մի օր ԱՄՆ հրավիրեց Արևմտյան Հայաստանի Խարբերի ջարդերից փրկված Մանուշակ Ավետիսյանի և նրա ամուսնու՝ Սիմոն Քոչունյանի աղջկան՝ երիտասարդ էմիգրանտ Առլետ Քոչունյանին։ Առլետը դարձավ ամերիկացի երգչի մուսան և նրա ոգեշնչման աղբյուրը, իսկ ոգեշնչման աղբյուրը, ինչպես ասում էր Էյնշտեյնը, հանճարները փորձում են թաքուն պահել։ Սակայն նրանց սերը թաքուն չմնաց․ երբ նրանց որդին՝ Վինսենտը, դարձավ չափահաս, նա ընտրեց ոչ թե համաշխարհային հռչակ ունեցող հոր ազգանունը, այլ մոր ազգանունը․ Ռեյ Չարլզի փոխարեն նա ընտրեց Մանուշակ Ավետիսյանի և Սիմոն Քոչունյանի գենը և դարձավ Վինսենտ Քոչունյան․․․
Նկարում՝ Առլետ Քոչունյանը, Ռեյ Չարլզը և նրանց որդին՝ Վինսենտ Քոչունյանը։

