ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Աստրախանում շենքի փլուզման հետևանքով երեք տուժածի մասին
Նախնական տվյալներով՝ հուլիսի 28-ին Աստրախանում հինգհարկանի խարխուլ շենքի մի մասի փլուզման հետևանքով վիրավորվել է երեք մարդ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին RBC-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Գերատեսչության «Տելեգրամ»-ի ալիքում ասվում է, որ դեպքի վայրում տեղակայվել է օպերատիվ շտաբ՝ փլատակների տակ մարդկանց որոնելու համար։
Աստրախանի Լյախովի փողոցի փլուզված թիվ 6 շենքը վաղուց է խարխուլ վիճակում եղել, իսկ բնակիչների վերաբնակեցումն անընդհատ հետաձգվել է։
Շենքի բնակիչներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ իր տունը վատթար վիճակում է եղել։ Երբ անհրաժեշտությունից ելնելով մտել է իր բնակարան, սարսափել է, քանի որ պատերին հսկայական ճաքեր է նկատել։ Բնակչին թվացել է, թե տունն ամեն րոպե կարող է փլվել։
Նա ընդգծել է, որ, չնայած վատթար վիճակին, շենքը երկար ժամանակ չի ճանաչվել վթարային։ Շենքի՝ վերջնականապես վթարային հայտարարվելուց հետո բնակիչները լիովին չեն վերաբնակեցվել. միայն նրանց մի մասն է ստացել քաղաքային բնակարան։ Աղբյուրի տվյալներով՝ սեփականատերերին պետք է վճարվեր 1,7 միլիոն ռուբլի, սակայն տանտերերի կեսը ձմռանից սպասում է խոստացված վճարումներին։

