Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա․ բեկորներն ընկել են բնակելի շենքի տանիքին

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 21-ի գիշերը խոցել են Մոսկվա թռչող ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ըստ նրա խոսքի՝ անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են Նոր Մոսկվայում գտնվող Կիևսկի բնակավայրի շրջակայքում։ «Աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նախնական տվյալներով՝ լուրջ վնասներ և տուժածներ չկան», — հայտարարել է Սերգեյ Սոբյանինը։

Տելեգրամյան Baza ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Կիևսկի բնակավայրի բազմահարկ շենքի տանիքին բռնկված հրդեհը։

Ռոսավիացիան գիշերը սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանների՝ Վնուկովոյի, Դոմոդեդովոյի, Շերեմետևոյի և Ժուկովսկիի աշխատանքի վրա։ Սահմանափակումները գործել են մոտ երեք ժամ, որից հետո դրանք չեղարկվել են։

Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցվել են Նովոշախտինսկում, Շախտիում և Նովոչերկասկում,- հայտնել է մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել, այդ թվում՝ Կամենոլոմնի ավանի երկաթուղային կայարանի շենքում։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը տեղեկացրել է, որ 26 մարդատար գնացք ուշանում է։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել և ոչնչացրել են 74 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից 23-ը՝ Մոսկվայի մարզի տարածքում, այդ թվում՝ Մոսկվայի ուղղությամբ թռչող 15 անօդաչու սարք։