Լիլիթ Մելիքյան․ նկարիչ, որ գաղափարը դարձնում է կտոր
Լիլիթ Մելիքյանը Տերյան մշակութային կենտրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Նա մասնագիտությամբ նկարիչ է և տարիներ շարունակ ստեղծագործել է բատիկի տեխնիկայով։ Հանրությունը նրան ճանաչում է որպես ազգային ոճի հագուստի հեղինակ, բայց շատերը չգիտեն, որ այդ հագուստների հիմքում կտավներն են։ Նրա նկարները գաղափարներ են՝ կերպարանք ստացած, որոնք դառնում են կտոր, այնուհետև՝ հագուստ։ Դրանք խոսում են Հայաստանի, քրիստոնեության և կնոջ՝ որպես հավատի ու սիրո խորհրդի մասին։ Լիլիթ Մելիքյանի նոր հավաքածուն նվիրված է այն կանանց, որոնք նրան շրջապատում են․ կանանց, որոնց շնորհիվ նրա կյանքը լեցուն է բարությամբ, հոգատարությամբ և իմաստով։ «Ես շնորհակալ եմ Աստծուն այն կանանց համար, որոնք իմ կողքին են։ Նրանցով է իմ կյանքը լցվում լույսով և խաղաղությամբ», – ասում է Լիլիթը։

