Իրանական հրթիռի հարվածի ալիքից հիվանդանոց է վնասվել, Իսրայելը հարվածել է իրանական 20-ից ավելի թիրախի

Իսրայելը և Իրանը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց արդեն յոթ օր շարունակ։

Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամում» հայտնել է Թեհրանին և Իրանի այլ հատվածներին նոր ավիահարվածներ հասցնելու մասին։

Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Իսրայելական 60 կործանիչներ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում՝ միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների և հրթիռների արտադրության վայրերի։  ԻՊԲ-ն նշում է, որ Հորդանանի հովտի մերձակայքում երկու անօդաչու են խոցել։

Ըստ իսրայելական կողմի՝ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա արձակված շուրջ 1000 անօդաչուներից միայն 200-ն է մտել երկրի օդային տարածք։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ իրանական հրթիռը հարվածել է երկրի հարավում գտնվող հիվանդանոցի՝ պատճառելով լուրջ վնասներ։ Իրանական կողմն էլ պնդում է, որ հարձակման հիմնական թիրախը Իսրայելի պաշտպանության ուժերի հրամանատարության և հետախուզության (IDF C4I) գլխավոր շտաբն ու հիվանդանոցի հարևանությամբ՝ Գավա Յամ տեխնոլոգիական այգում գտնվող բանակի տեղեկատվական կամպուսն էին։ Հիվանդանոցը ենթարկվել է միայն պայթյունի ալիքի ազդեցությանը և լուրջ վնաս չի կրել, սակայն ռազմական ենթակառուցվածքը դարձել է ճշգրիտ և անմիջական թիրախ։

Իրանական հարվածներից, որոնք թիրախավորել են Թել Ավիվը և Իսրայելի կենտրոնական շրջանները, առնվազն 40 մարդ է վիրավորվել։

Ըստ ISNA գործակալության՝ Իրանի Խոնդաբ քաղաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի մերձակա շրջանը հարվածի է ենթարկվել, ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա: Միջուկային օբյեկտի անձնակազմը նախապես տարհանվել է:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես հայտնել է տարբեր վայրերից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր արձակելու մասին։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ առաջին անգամ Իսրայելի ուղղությամբ արձակել է երկաստիճան ծանր հեռարար «Սեջիլ» հրթիռներ։

Իրանում ինտերնետ հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել է՝ «թույլ չտալու, որ թշնամին սպառնա քաղաքացիների կյանքին և սեփականությանը»։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Իսրայելական հարվածներից զոհվել են միջուկային ֆիզիկոսներ, բարձրաստիճան զինվորականներ:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ «Իրանի ազգը վճռականորեն դիմադրում է պարտադրված պատերազմին, և նա նույնպես վճռականորեն կդիմադրի պարտադրված խաղաղությանը։ Այս ազգը երբեք ճնշման տակ չի հանձնվի»,- նշել է այաթոլլան։