Քասախում կարմիրբերետավորը հարվածել է ակցիան լուսաբանող լրագրողին
Քասախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել. կարմիրբերետավորներից մեկը հունից դուրս էր եկել և ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռում էր բնակիչների վրա։ Նա նաև հարվածեց 24news.am–ի լրագրող Մերի Մանուկյանին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։
Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչև վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի սրանից, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

