Ծորակից դեղին ջուր է գալիս, ահավոր հոտ ու համ ունի. Շենգավիթում բնակիչները բողոքում են

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքում են ջրի որակից։ Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է․«Մենք ջուր չունենք ընդհանրապես, օրվա մեջ 1-2 ժամ են տալիս, այն էլ շատ թույլ, պիտի նասոս միացնենք, որ ջուր լինի։ Բացի այդ, գալիս է դեղին գույնի ջուր ու ահավոր հոտով, որ էլ խմում է, հիվանդանում է։ Երեխաներ կան, որ փորլուծություն, սրտխառնոց ունեն»։

Նրա խոսքով, արդեն 6-7 տարի է, այս վիճակն է, ու ոչ մեկ ոչ մի հարցի լուծում չի տալիս»։

«Ճաշ որ եփում ենք, փրփրակալում է, կարծես թունավորված լինի ջուրը։ Հայտ ենք ներկայացրել, բողոքել ենք «Վեոլիա ջուր», անցած տարի նույն վիճակն էր, մեզ ասեցին՝ մինչև օգոստոսի վերջ այս վիճակն է լինելու, քանի որ ջուրը քիչ է, պակասում է, ձեզ դրա հետ միասին տալիս են արտեզյան ջուր»,- նշել են բնակիչները։

Նրանց խոսքով, ավելի շատ ճահիճի ջուր է, քան արտեզյան ջուր։