Բաշ-Ապարանի ճակատամարտ

Բաշ-Ապարանի ճակատամարտ․ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թվականի մայիսի 23-29-ը։ Ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։

Ճակատամարտն սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10 000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։

Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և հընթացս շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երևանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ (Սեթո) Ջալալյանը (հետագայում Երևանի միլիցիայի պետ) և Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր-Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես քահանա Տեր-Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել նրա ողորմածությանը։

Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր-Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ։

Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը և զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Մայիսի 29-ին թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։

Հերոսամարտի պատմական նշանակությունը

Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։ Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին՝ մեկը Արաքս գետի, մյուսը՝ Քասախ գետի ափին։