«Ազատիր որդուդ» փաթեթը՝ 15 միլիոն դրամ, «Ազատիր որդուդ պլյուս» պրեմիում փաթեթը` 20 միլիոն դրամ»

Ծառայում եմ Հայրենիքիս, 2012թ. օգտագործված Լեքսուսը կամ կես բիթքոինը

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ըստ որի մուծելով 24 միլիոն դրամ կարող ես 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս, այն է` ազատվել զինվորական ծառայությունից։

Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել և մտածել։

Բանակում ծառայելը ցանկացած նորմալ պետության մեջ համարվել և համարվում է մեծ պատիվ։ Իսկ այս օրինագծով հստակ ուղերձ է հղվում, որ այսուհետ հայրենիքին ծառայելը կվերաբերվի այն մարդկանց, որ չեն կարողանա վճարել 24 միլիոն դրամ, այն է` 2012-2013 թվականի օգտագործված մի Լեքսուս, 1 սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում կամ կես բիթքոին։

Հայրենիքին կծառայեն միայն աղքատները։

«Զինվորի հայր» արտահայտությունը, որ մշտապես հարգանք է արտահայտում, կսկսի ընկալվել որպես աղքատության և անճարության հոմանիշ։

Պատկերացնում եք ծնողի վիճակը, ում երեխան գնում է ծառայության և, Աստված մի արասցե, զոհվում է։ Ծնողն այդուհետ ապրելու է մտքով, որ իր երեխան զոհվեց ոչ թե հանուն Հայրենիքի, այլ որովհետև չկարողացավ «փրկագինը» վճարել: Այո, հենց փրկագինը։

Զինծառայությունը, այսինքն հայրենիքդ, պետությունդ և ընտանիքդ պաշտպանելը պարտադիր է, սակայն եթե ունես 60 հազար դոլար, ապա պարտադիր չէ` քո տեղը կյանքը կվտանգի ընկերդ, որը չկարողացավ այդ գումարը հայթայթել։

Ստացվում է ինչ, պետությունը պատանդ է վերցնում ձեր որդուն և պահանջում է փրկագին` 60 հազար դոլա՞ր։ Կարծում եմ՝ շատ բանկեր հատուկ վարկային գիծ կարող են առաջարկել` լավ պայմաններով. «Ազատիր որդուդ» փաթեթը 15 միլիոն դրամ, «Ազատիր որդուդ պլյուս» պրեմիում փաթեթը` 20 միլիոն դրամ»։

Արյունաբան-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը