Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Հարվարդի համալսարանի թույլտվությունը օտար երկրներից ուսանողների ընդունելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը։

«Հայտնում եմ ձեզ, որ Հարվարդի համալսարանի ուսանողների և ակադեմիական փոխանակման միջազգային ծրագրի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել», -նշվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի նամակում, որն ուղարկվել է համալսարան:

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ որոշումը Հարվարդի դեմ վերջին ամիսներին շարունակվող հետաքննության մի մասն է:

Նշենք, որ Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարություններ են արել Հարվարդի և ամերիկյան այլ հեղինակավոր համալսարանների վերաբերյալ։ Ըստ իշխանությունների՝ համալսարանը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների ամբողջական անվտանգությունը պաղեստինամետ ակտիվիստներից, ովքեր դեմ են Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում։