Վաշինգտոնում սպանվել են Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից

Վաշինգտոնի Հրեական թանգարանում տեղի ունեցած միջոցառումից հետո մայիսի 21-ի ուշ երեկոյան շենքից դուրս գալիս սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից՝ մեկ տղամարդ և մեկ կին։ Կասկածյալը ձերբակալված է։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան խոսնակը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցների վրա կրակել են «մոտ հեռավորությունից»։

Կրակողը 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է Չիկագոյից, որը բացականչել է «Ազատություն Պաղեստինին»։ Նա չի փորձել փախուստի դիմել և հրաձգությունից հետո փորձել է մտնել շենք, որտեղ նրան բռնել են անվտանգության աշխատակիցները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում դատապարտել է տեղի ունեցածը՝ նշելով, որ հակասեմիտական սպանությունները պետք է դադարեն։

«Ատելությունն ու արմատականությունն ԱՄՆ-ում տեղ չունեն», – գրել է Թրամփը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը նույնպես դատապարտել են տեղի ունեցածը։

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը X սոցիալական հարթակում գրել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունները կապի մեջ են միջադեպից հետո։