Չեմ կարող ասել՝ մա՞յրը փրկեց երեխային, թե երեխան՝ մորը, բայց նման դեպքի չէի հանդիպել․ Անդրանիկ Պողոսյան
«Սա բնության աղետի հետևանք էր, բայց միաժամանակ՝ Աստծուց տրված հրաշք։ Վնասվածքը լուրջ էր՝ ոչ թե մաշկի կամ ներքին օրգանների, այլ հենց արգանդի։ Թափանցող բնույթի էր։ Հղիության վերջնաժամկետում նման հարվածից կնոջ ջրերն անմիջապես գնացել են, երեխան՝ ծնվել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էրեբունու ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ նորածինը ևս վնասվածք է ստացել գլխի շրջանում՝ քունքի վերևի հատվածում․
«Վերքն այնքան խորն էր, որ գանգուղեղային բարդությունների վտանգ կար։ Այդ իսկ պատճառով նա տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ լրացուցիչ հետազոտությունների։ Փառք Աստծու, երեխան այժմ կայուն վիճակում է, շուտով կթողնեն տուն»,- ասաց Պողոսյանը, ապա հավելեց, որ ծննդաբերության պայմանները, վիրահատության ընթացքն ու բուժօգնությունը ճիշտ են կազմակերպվել՝ հաշվի առնելով վայրկյանների սղությունը և վնասվածքի բնույթը․
« Նախ ճիշտ են գործել, սեփական մեքենայով Ռուզաննային հիվանդանոց են հասցրել, կինը ճիշտ է նկարագրել իր հետ եղածը, որ վնասվածքը ստանալով պտղաջրերը կորցրել է, 2-3 րոպեի ընթացքում բժշկական թիմը հավաքվել է, վիրահատությունն անցել է առանց բարդության»։
Հարցին՝ կկարողանա՞ Ռուզաննան ապագայում նորից երեխա ունենալ, Պողոսյանը պատասխանեց.
«100 տոկոսով՝ այո։ Վնասվածք չի հայտնաբերվել, նա լիովին կազդուրվելու է»։
Վերջում բժիշկը նշեց. «Չեմ կարող ասել՝ մա՞յրը փրկեց երեխային, թե երեխան՝ մորը։ Բայց փաստն այն է, որ երկուսն էլ այսօր ողջ ու առողջ են։ Սա հրաշք է»։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Երևանում ուժեղ քամին պոկել էր թիթեղը ու հարվածել հղի կնոջը։

