Եթե ասեմ՝ 1 տարի հետո գնալու ենք Արցախ՝ սովորական սուտասան կլինեմ. բայց աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակ մեր նպատակը պիտի կարողանանք առաջ տանել
«Ես միտումնավոր չեմ շեղվել Արցախ վերադառնալու մասին հարցից։ Ես ուզում էի որպես վերջաբան ասել, որ ոչինչ բացառել հնարավոր չէ»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սին հույսերով սնվելն էլ լավ գործ չէ։ «Բայց ունենալ նպատակ և այդ նպատակն առաջ տանել, ամենակարևոր հանգամանքը դա է։ Ես չեմ ասում, որ մենք կարող ենք կրկնել այն, ինչ արել են հրեաները, բայց ես հավատացած եմ, որ գալու է ժամանակ, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու։ Այդ աշխարհաքաղաքական փոփոխությունների պարագայում մենք պիտի կարողանանք օգտվել առիթից և մեր նպատակն իրականացնել։ Եթե ես ասեմ՝ եկեք բոլորս գնանք, իշխանությունը վերցնենք, և մեկ կամ հինգ տարի հետո գնալու ենք Արցախ, սովորական սուտասան կլինեմ։ Ես սին հույսեր չեմ ուզում որևէ մեկի մոտ արթացնել, ես ուզում եմ, որ մենք նպատակ ունենանք և այդ նպատակը կարողանանք առաջ տանել։ Իմ սերնդին կարող է դա չհասնել, այսինքն՝ ես կարող է դա չտեսնեմ, բայց այստեղ նստածների 99 տոկոսն ունեն այդ հնարավորությունը՝ հասնելու»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հայկական համալսարանի համահիմնադիր Էդգար Էլբակյանը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին խնդրել է Շուշիի քարտեզի վրա ընծայագիր թողնել։
«Հույս, հավատ և պատվախնդրություն։ Ոչինչ առանց պայքարի չի տրվում»,- գրել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման և ծավալուն հարցուպատասխանի ամբողջական տեսանյութը

