Աբսուրդ է․ ասում են, թե այսօրվա կառավարչին մենք ենք նախապատրաստել, որպեսզի 2018-ին նրան իշխանություն հանձնեինք․ Սերժ Սարգսյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարչին անվանել է խելապակաս պատուհաս։ Արդյոք դուք համարո՞ւմ եք, որ նրանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում միանման են, ոչ։ Եթե մենք այդ կանխավարկածով ղեկավարվենք, դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարության ժամանակ Հայաստանը դեմ էր, բայց Ղարաբաղը մենակ կռվեց ու հաղթե՞ց։ Այդպիսի տրամաբանությունը ինձ դուր չի գալիս, կարծում եմ՝ տակը որոշակի այլ աստառ կա, որը ես չեմ կիսում»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավա՞կն է։
Նա ասել է, որ այս հարցը տալիս են իրեն՝ հավանաբար նկատի ունենալով որոշ անձանց կողմից տարածվող տեսակետները։ «Ինչ-որ մարդիկ տարածում են գաղափարներ, թե Հայաստանի այսօրվա կառավարչին մենք ենք նախապատրաստել, որպեսզի 2018 թվականին նրան իշխանություն հանձնեինք, որպեսզի մեկ տարի հետո էլ նա իշխանությունը վերադարձներ մեզ։ Բայց, կներեք, դա ուղղակի աբսուրդ է»,- հավելել է Սարգսյանը։