Այդ մարդիկ որպես կենդանի պատանդ մնացել են՝ ապահովելով մեր խաղաղ բնակչության դուրս գալը

«Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից, ընդ որում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարվելուց հետո»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Լրագրողի հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ Արցախից, Շահրամանյանը պատասխանել է, որ առաջիկայում կանդրադառնա այդ հարցին:

Շահրամանյանը նաև նշել է, որ տեսել է, թե ինչպես են տանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։

«Հետագայում առիթ կունենանք մանրամասն խոսել այս թեմայով: Մենք թաքցնելու բան չունենք:  Այս պահին կա գործընթաց, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Հետագայում մենք  առիթներ կունենաք, կխոսենք ամեն ինչի մասին:

Այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ որպես կենդանի պատանդ, մնացել են, ապահովել են նաև մեր խաղաղ բնակչության դուրս գալը»,- ասել է ԱՀ նախագահը:

Լրագրողի հարցին, թե հնարավորություն կա՞ր չգերեվարվելու, Շահրամանյանը պատասխանել է՝ ոչ, չկար: