Սեուլը լրտեսական արբանյակ է արձակել Հյուսիսային Կորեային հետևելու համար
Հարավային Կորեայի ևս մեկ ռազմական հետախուզական արբանյակ հաջողությամբ արձակվել է ուղեծիր։ Արձակումն իրականացվել է Ֆլորիդայի ամերիկյան բազայից, իսկ օբյեկտը տեղափոխել է SpaceX Falcon 9 հրթիռը, հաղորդում է տեղական Yonhap լրատվական գործակալությունը։
Դա Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ծրագրի շրջանակում տիեզերք արձակվելիք հինգ պլանավորված հետախուզական արբանյակներից չորրորդն է: Արձակումը տեղի է ունեցել նախօրեին Կանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Հետախուզական արբանյակը ուղեծիր է մտել մեկնարկից 15 րոպե անց։
«Մենք նախատեսում ենք հաստատել, թե արդյոք արբանյակը նորմալ է աշխատում ցամաքային կայանի հետ կապի միջոցով»,- հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից։
Սինթետիկ բացվածքով ռադիոտեղորոշիչ լրտեսական արբանյակի նպատակն է Հյուսիսային Կորեայի ավելի լավ մոնիտորինգը և ԱՄՆ արբանյակային պատկերներից Հարավային Կորեայի կախվածության նվազեցումը:

