Գյուղատնտեսության ոլորտում տասնյակ որոշումներ ենք ընդունել, բայց դրանք չեն աշխատում. Փաշինյան
«2019 թվականից ծրագրի շրջանակներում մենք ունենք կառուցած 58 խելացի անասնաշենք և տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման շրջանակներում ներմուծված 2400 տոհմային կենդանի»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ զեկուցելով գյուղատնտեսության ոլորտում համաֆինանսավորման ծրագրի հերթական վերանայման որոշումը։
Փոխնախարարը նշեց, որ 4 տարիների ընթացքում անասնաշենքերի համար կառավարության կողմից փոխհատուցված գումարը կազմում է 925 մլն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների վարկային տոկոսների սուբսիդավորման համար պետությունը տրամադրել է 587 մլն դրամ։
Խոջոյանը նշեց, որ խելացի անասնաշենք կառուցելու համար դիմելեն 400 ֆերմերի, դրանցից մոտ հարյուրի հետ է Էկոնոմիկայի նախարարությունը պայմանագիր կնքել, բայց կառուցվել է 58 անասնագոմ և ծրագրից հանվել է 10-15 գլուխ ԽԵԿ-երի համար անասնագոմ կառուցելու համաֆինանսավորման կետը։
«Չորս տարվա ընթացքում խելացի անասնագոմերի համար հատկացվել է 925 մլն դրամ, դե սա նշանակում է, որ ծրագիրը չի աշխատում»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և հարցրեց, թե ինչն են փոխում նոր որոշման մեջ, որ այն ավելի լավ աշխատի։
Փոխնախարաը նշեց, որ շինանյութը թանկացել է և դրա համար համաֆինանսավորման շեմերը բարձրացվել են, օրինակ՝ 20-25 գլուխ անասունների համար 25 մլն դրամի շեմը բարձրացվել է 30 մլն դրամ, որի 50 %-ը կհամաֆինանսավորի պետությունը, իսկ սահմանամերձ հատվածի համար 70 %-ը։
«Մի իրավիճակ է ձևավորվել, որը խորը ճգնաժամային է։
Գյուղատնտեսության հատվածում մենք տասնյակ որոշումներ ենք ընդունել, բայց դրանք չեն աշխատում, այդ թվում այն պատճոռով որ դրանց տակ տնտեսական հիմնավորում չկային»,-ասաց Փաշինյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով աշխատանքի վարձատրության և շինարարական նյութերի գնային աճը, ինչպես նաև «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» նախկին ծրագրի նախագծման և տեխնոլոգիական ապահովման աշխատանքներ իրականացնող՝ «Թ․Ա․Հ․Գ․ ԳՐԻԳ» ՍՊԸ-ի և «KULTIVA» կազմակերպության ներկայացուցիչների կողմից «Խելացի» անասնաշենքի համար անհրաժեշտ սարքերի, շինարարական ծախսերի վերլուծության և վերահաշվարկման աշխատանքների արդյունքում առաջարկվել է պետական աջակցություն ցուցաբերել նախատեսված մոդելների արժեքներին համապատասխան, սակայն ոչ ավել քան յուրաքանչյուր մոդելի համար սահմանված ծախսերի առավելագույն արժեքը՝
1 1-ին մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ.
2) 2-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը սահմանվում են առավելագույնը 46 մլն դրամ․
3) 3-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 մլն դրամ…։
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շահառուներին ստանալ փոխհատուցում 25 գլուխ և ավելի տոհմային ԽԵԿ-ի համար փաստացի վճարված գումարի 40%-ը, իսկ մինչև 24 գլուխ ԽԵԿ-ի համար՝ 30%-ը (բայց ոչ ավել, քան 1,0 մլն դրամ՝ յուրաքանչյուր կենդանու հաշվով)»։

