«Արցախցիների ծննդավայրը Ադրբեջանն է» կամ՝ ՀՀ իշխանությունների բացած օվերտոնի պատուհանը

Արցախը սիրահոժար Ադրբեջանին զիջելու փաշինյանական քաղաքականությունը շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների հանդեպ վերաբերմունքով։ Պարզվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անձնագրային բաժանմունքներ դիմած արցախցիների նոր անձնագրում որպես նրանց ծննդավայր նշվում է Ադրբեջանը։ Այնինչ ոչ վաղ անցյալում, երբ Արցախը մեզ համար ինքնիշխան սուբյեկտի կարգավիճակ ուներ, արցախցիները համարվում էին ՀՀ քաղաքացիներ: Լրատվամիջոցներից Tert.am-ը այս հարցի վերաբերյալ պարզաբանում է պահանջել ներքին գործերի նախարարությունից և ստացել հետևյալ պատասխանը․ «Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9,303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։

Այն, ըստ պետությունների, ամրագրում է աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում։ Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»:

Հետաքրքիր է, այդ միջազգային այսպես կոչված չափորոշիչներն ինչու չէին պահպանվում մինչև Արցախի դավադիր հանձնումը թշնամուն, և այն ժամանակ կարծես թե երկրից դուրս գալու խնդիր չէր հարուցում արցախցիների իրական ծննդավայրը անձնագրերում նշելու հանգամանքը։ Արցախի կարգավիճակը աշխարհը դեռ չի ճանաչել ու չի ընդունել՝ որքան էլ Փաշինյանը կոկորդը պատռի, թե Արցախն ադրբեջանական տարածք է։ Այսօր դեռևս վերջնականորեն լուծված չէ Արցախի հարցը բանակցային սեղան վերադարձնելու խնդիրը, դեռ բռնի տեղահանված արցախցիների՝ իրենց բնօրրան վերադարձի հարցն առկախ է, և միջազգային շատ կառույցներ այդ հարցի վերաբերյալ բանաձևեր են ընդունում, հեղինակավոր պաշտոնյաներ են անդրադառնում խնդրին։ Իզո՞ւր է Ալիևը ոտք ու ձեռք ընկած Փաշինյանին պարտադրում փոխել ՀՀ Սահմանադրությունը, որպեսզի Հայաստանին ապագայում զրկի Արցախի հանդեպ ցանկացած օրինական իրավական փաստաթղթից։ Չի բացառվում, որ անձնագրային այս խարդախության միջոցով Փաշինյանը իր կառուցողական գործընկերջը շտապում է հերթական հարգանքի հավաստիքը մատուցել, թե տես՝ ես անցյալ ժամանակով արդեն ամրագրում եմ, որ Արցախը միշտ էլ ադրբեջանական տարածք է եղել, իսկ արցախյան ազատագրական պայքարը հանցագործության ակտ էր Ադրբեջանի նկատմամբ, բռնազավթում։

Ի դեպ, մի որոգայթ էլ կարող է լարած լինել ՀՀ վարչապետի աթոռը զավթածն իր այս որոշմամբ։ Ամեն դեպքում սա դեռևս ենթադրություն է, և ժամանակը նաև դրա պատասխանը կհստակեցնի։ Այն, որ Ալիևը մեծ ջանքեր է գործադրում այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա երբեք չի էլ թաքցրել, և արդեն իսկ գործուն քայլեր են արվել դրա համար։ Հնարավոր է այդ հարցը ներառված լինի նաև խաղաղության համաձայնագրում, ինչի մասին մեզ դեռևս չեն հայտնում։ Եվ ահա արցախցիների օրինակով Փաշինյանը նախադեպ է ստեղծում իբրև Ադրբեջանում ծնված քաղաքացիներին ՀՀ-ի քաղաքացիություն շնորհելու համար։ Այլ կերպ ասած՝ օվերտոնի պատուհան է բացել, իսկ մնացածն իր ընթացքով կլինի։

Թագուհի Ասլանյան