Բաքվում պահվող հայերի ազատ արձակման համար ԱԺ-ն ոչինչ չի արել. «Հայաքվե»

Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար եռանդուն աշխատանք պետք է ընթանար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

«ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամության խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ:

Միջազգային իրավական գործիքի մասին հատկապես վերջին օրերին քանիցս խոսեցին տեղացի և արտասահմանցի մասնագետները։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կարող էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարությանը։

Կարելի էր խնդրել Շվեյցարիային, որ վերջինս Բաքվում իր դեսպանությունում հայկական շահերի բաժին ստեղծի և ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ:

Ոչի´նչ չի արվել, ոչի´նչ…»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: