Էլեկտրամագնիսական դաշտեր. ի՞նչ է հայտնի գիտությանը առողջության վրա ազդեցության մասին

Ժամանակակից աշխարհում էլեկտրամագնիսական դաշտերը (ԷՄԴ) դարձել են շրջակա միջավայրի անբաժան մասը։ ԷՄԴ-ի աղբյուրներ են հանդիսանում՝ բջջային հեռախոսները, էլեկտրահաղորդման գծերը, կենցաղային տեխնիկան, կապի համակարգերը և նույնիսկ բժշկական սարքավորումները, ինչպիսիք են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)։

ԷՄԴ-ի սպեկտրը ընդգրկում է ինչպես ծայրահեղ ցածր հաճախականության (ԾՑՀ, օրինակ՝ 50–60 Հց էլեկտրահաղորդման գծերից), այնպես էլ` ռադիոհաճախականության (ՌՀ, օրինակ՝ 100 կՀց – 300 ԳՀց բջջային հեռախոսներից և Wi-Fi-ից) ճառագայթներ։ Ուստի, զարմանալի չէ, որ գիտական հանրությունը մտահոգված է այս անտեսանելի դաշտերի ազդեցության հնարավոր հետևանքներով մարդու օրգանիզմի վրա։

ԷՄԴ-ը դասակարգվում են իոնիզացնող (օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ, որոնք ունակ են քայքայել քիմիական կապերը) և ոչ իոնիզացնող (օրինակ՝ ԾՑՀ և ՌՀ ճառագայթներ, որոնք չունեն բավարար էներգիա ԴՆԹ-ի ուղղակի վնասման համար) ճառագայթների։

Մետավերլուծություններում դիտարկվում են ոչ իոնիզացնող ԷՄԴ-երը, քանի որ դրանք առավել տարածված են առօրյա կյանքում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ բնակելի տարածքներում էլեկտրահաղորդման գծերը ստեղծում են ԾՑՀ-ԷՄ դաշտեր՝ 0.1–0.4 մկՏ ինտենսիվությամբ։ Բջջային հեռախոսները, կախված օգտագործման ռեժիմից և սարքի մոդելից, արձակում են ՌՀ էներգիա՝ 0.1–2 Վտ/կգ յուրահատուկ կլանման արագությամբ։

Համաձայն Ոչ իոնիզացնող ճառագայթումից պաշտպանության միջազգային հանձնաժողովի (ICNIRP, 2020) առաջարկությունների՝ սահմանվել են ԷՄԴ-ի ազդեցության սահմանային մակարդակներ (օրինակ՝ 100 մկՏ՝ ԾՑՀ-մագնիսական դաշտերի համար, 2 Վտ/կգ՝ հատուկ կլանման արագության համար), որոնք նպատակ ունեն կանխարգելել սուր ազդեցությունները, ներառյալ՝ հյուսվածքների տաքացումը կամ նյարդային վերջույթների խթանումը։ Այնուամենայնիվ, քրոնիկական թույլ ինտենսիվության ազդեցության երկարաժամկետ հետևանքների հարցը շարունակում է մնալ գիտական քննարկումների առարկա։

Ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկ

ԾՑՀ-ԷՄԴ և երեխաների լեյկոզ

Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ կա վիճակագրական կապ ԾՑՀ-ԷՄԴ ազդեցության և երեխաների մոտ լեյկոզի զարգացման միջև, սակայն պատճառահետևանքային կախվածությունը մնում է չապացուցված։ Ahlbom-ի և այլոց (2000) կողմից իրականացված մետավերլուծությունում պարզվել է, որ ԾՑՀ-մագնիսական դաշտերի ≥0,4 մկՏ ազդեցության դեպքում 2 անգամ կարող է բարձրանալ երեխաների լեյկոզի զարգացման հավանականությունը։

Վերլուծության արդյունքների համաձայն, Եվրոպայում երեխաների շրջանում լեյկոզի բոլոր դեպքերի 1.5–2%-ը (տարեկան 100–200 դեպք) կարող են կապված լինել ԾՑՀ-ԷՄԴ-ի ճառագայթման ազդեցության հետ։

2002թ-ին Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը (IARC)՝ մարդու համար «սահմանափակ» և կենդանիների համար «անբավարար» տվյալների հիման վրա, դասակարգել է ԾՑՀ-մագնիսական դաշտերը որպես «հնարավոր քաղցկեղածին» գործոններ։ Այնուամենայնիվ, քաղցկեղածին ազդեցության կենսաբանական մեխանիզմը (օրինակ՝ ԴՆԹ-ի վնասում) չի հաստատվել, իսկ մկների վրա իրականացված փորձարարական հետազոտությունները (NIEHS, 1999) ցույց չեն տվել ուռուցքի աճ՝ 1000 մկՏ էքսպոզիցիայի դեպքում։

Համաճարակաբանական հետազոտությունների արդյուքները վկայում են բջջային հեռախոսների երկարատև օգտագործման և ուղեղի ուռուցքների (օրինակ, գլիոմայի, ակուսկիկ նևրինոմայի) զարգացման միջև հնարավոր կապի մասին։ Իրականացված մետավերլուծությունը ցույց է տվել, որ ≥10 տարի բջջային հեռախոս օգտագործող օգտատերերի շրջանում գլիոմայի զարգացման ռիսկը կարող է բարձրանալ 2 անգամ։ Սակայն, այլ խոշոր հետազոտոթյունների շրջանակներում նմանատիպ կապ չի նկատվել։

Նյարդաբանական «էֆեկտներ»

Իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ԾՑՀ-ԷՄԴ ազդեցությունը կապված է էլեկտրատեխնիկական մասնագիտությունների աշխատողների շրջանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզի զարգացման ռիսկի 29%-ով բարձրացման հետ։ Մի քանի հետազոտություններում ուսումնասիրվել է ԷՄԴ-ի ազդեցությունը մարդու ճանաչողական ֆունկցիաների վրա։ Որոշ հետազոտություններում, ՌՀ-ԷՄԴ-ի ազդեցության դեպքում գրանցվել է ուղեղի էլեկտրական ակտիվության (ԷԷԳ) փոփոխություն, սակայն տվյալների մեծ մասը մնում են հակասական։ Հետազոտություններից մեկում պարզվել է, որ ՌՀ-ԷՄԴ-ի ազդեցության ենթարկված անձանց մոտ ԷԷԳ-ի ալֆա-ռիթմի հզորությունը մեծացել է, բայց արդյունքների վիճակագրական նշանակալիությունը փոփոխվում էր կախված մեթոդաբանությունից։ Կենդանիների վրա կատարված փորձերի արդյուքները նույնպես հակասական են. որոշ հետազոտություններ գրանցել են ԷՄԴ-ի ազդեցությունից հետո հիշողության վատթարացում և վարքի փոփոխություններ, մինչդեռ, մյուսները՝ նշանակալի ազդեցություններ չեն հայտնաբերել։

ԷՄԴ-ի ազդեցությունը սիրտանոթային համակարգի (ՍԱՀ) վրա

Որոշ հետազոտությունների արդյունքները վկայում են նրա մասին, որ ԷՄԴ-ի ազդեցությունը կարող է ազդել սրտի ռիթմի և զարկերակային ճնշման վրա։ Սակայն Heinrich et al. (2011) մետավերլուծությունը ցույց է տվել, որ ստատիկ մագնիսական դաշտերի բացասական ազդեցությունը ՍԱՀ-ի վրա նշանակալի չէ։ Դանիայում իրականացված հետազոտությունը նույնպես չի հաստատել բջջային հեռախոսների օգտագործողների շրջանում սիրտանոթային հիվանդությունների հաճախականության բարձրացում։

Ազդեցություն վերարտադրողական ֆունկցիայի վրա

Կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ՌՀ-ԷՄԴ-ի երկարատև ազդեցությունը կարող է նվազեցնել սպերմատոզոիդների շարժունակությունը և պատճառել փոփոխություններ սպերմայի մորֆոլոգիայում։ Հետազոտություններից մեկում, մկների վրա 50 Հց հաճախականությամբ 1 մՏլ ամպլիտուդով ԷՄԴ-ի ազդեցությունը հանգեցրել է սպերմատոզոիդների կոնցենտրացիայի էական նվազման։ Այնուամենայնիվ, մարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդեցության վերաբերյալ տվյալները մնում են սահմանափակ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ԷՄԴ-ը կարող է ազդել տեստոստերոնի մակարդակի և սպերմայի որակի վրա, սակայն վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։

Հետազոտություններից մեկում պարզվել է, որ ԾՑՀ-ԷՄԴ-ի ազդեցության դեպքում 23%-ով բարձրանում է հղիության ընդհատման ռիսկը։

Էլեկտրամագնիսական գերզգայունություն

Բնակչության մի մասը հայտնում է ԷՄԴ-ի ազդեցության հետ կապված այնպիսի սուբյեկտիվ ախտանիշների մասին, ինչպիսիք են գլխացավը, հոգնածությունը և գլխապտույտը։ Այնուամենայնիվ, երկակի կույր պլացեբո-հսկվող հետազոտությունները չեն հաստատել կապը ԷՄԴ-ի ազդեցության մակարդակի և այս ախտանիշների արտահայտման միջև։ Nieto-Hernandez et al. (2011) և Baliatsas et al. (2012) կողմից կատարված հետազոտությունները չեն հայտնաբերել էական տարբերություններ իրական և կեղծ ԷՄԴ ազդեցության ենթարկված խմբերի միջև։

Այսպիսով, չնայած բազմաթիվ իրականացված հետազոտությունների առկայությանը, այս պահին չկան համոզիչ ապացույցներ, որ ICNIRP-ի նորմերի շրջանակներում ԷՄԴ-ի ազդեցությունը ունի էական բացասական ազդեցություն առողջության վրա։ Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել որոշակի ասոցացիաներ, սակայն դրանք մնում են վիճելի, հետազոտությունների մեթոդաբանական սահմանափակումների պատճառով։ Հետևաբար, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ ԷՄԴ-ի ազդեցության հնարավոր ռիսկերը ավելի ճշգրիտ գնահատման համար։

Այնուամենայնիվ, ԷՄԴ-երի ազդեցությանը ենթարկվելու առումով ընտրությունը մերն է և կարելի է սահմանափակել անհատական մակարդակով, խուսափելու հնարավոր անբարեհաջող ազդեցություններից:

Էլեկտրոմագնիսական դաշտի աղբյուր են հանդիսանում սառնարանը, ֆենը, էլեկտրական վառարանը, օդատարը, օդորակիչը, համակարգիչը, հեռուստացույցը, արդուկը, WI-FI ինտերնետ սարքերը, բջջային հեռախոսները, բջջային հեռախոսների ալեհավաքները, ռադիոն, կարելի է ասել այն ամենը, ինչն աշխատում է հոսանքով և որքան հզոր է սարքը, այնքան մեծ է նրա Էլեկտրոմագնիսական դաշտը:

50 հերց հաճախականությամբ փոփոխական էլեկտրական հոսանքի լարերից առաջացած Էլեկտրոմագնիսական դաշտի ճառագայթումը մարդկանց մոտ առաջացնում է հոգնածություն, քնկոտություն, գլխացավեր:

Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կենցաղային սարքերը տեղադրել իրարից առնվազն 1.5-2մ հեռավորության վրա, որպեսզի Էլեկտրոմագնիսական դաշտերի ազդեցությունները չգումարվեն: Մահճակալը նույնպես պետք է գտնվի 2 մ հեռավորության վրա կենցաղային սարքերից:

Վերոհիշյալ վտանգավոր ազդեցությունից մարդուն զերծ պահելու համար, անհրաժեշտ է կատարել մի շարք փորձարարական հետազոտությունններ՝ մասնավորապես՝ լաբորատոր և դաշտային փորձարկումների միջոցով ուսումնասիրել կենդանի օրգանիզմների էլեկտրական, մագնիսական, էլեկտրոմագնիսական, ակուստիկ ալիքների ինչպես նաև նրանց համատեղ ազդեցությունը:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոն