Եթե կարելի է լինել վարորդ՝ չիմանալով վարել, ո՞վ է ասել, որ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել. Փաշինյան

Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին:

«Երբ վարորդական իրավունք էի ստանում, այն ժամանակ հայտնի լրագրող էի, ծնկաչոք աղաչեի էլ՝ չէին թողնի քննություն տայի։ 300 մետրի վրա բերին, տվին, ասին՝ «գնա ստեղից, հնարավորինս շուտ գնա, գործ չունես մեր հետ»»,- պատմեց Փաշինյանը՝ նշելով, թե ամեն տեղ ու ամենուր այս վիճակն է, ներառյալ՝ կառավարման համակարգում։

«Եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչու չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ, պետական պաշտոնյա, քննիչ, դատավոր, դատախազ…։ Ինչո՞ւ չի արելի, ո՞վ է ասել, որ չի կարելի։ Եթե կարելի է լինել վարորդ՝ չիմանալով մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել, ինչո՞ւ։

7 տարվա մեջ, ով վեր է կենում, առավոտից իրիկուն ասում է, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։

Իսկ գիտեք ինչո՞ւ է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավելի տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 տոկոսը և ավելին կիսավերված է՝ ֆիզիկական և բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։

Հիմա կասեն` ի՞նչ է, մեր երկրի արգանդը չորացե՞լ է։ Չէ, չի չորացել, ժողովուրդ ջան։ Կա՞ն լավ կադրեր։ Կան, իհարկե, փոքր խմբով, որոնք 1-10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս ու չեն գա աշխատեն Հայաստանի կառավարությունում, որ ստանան 400 հազար դրամ, դա էլ հերիք չի ու ամեն աշխատած կոպեկի հետ էլ մի անեծք տանեն տուն` էլի պարգևավճար, էլի պարգևավճար, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: