Թրամփի վարչակազմը Արևելյան Եվրոպայի երկրներին առաջարկել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող անօրինական միգրանտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ոչ պաշտոնական ուղիներով Արևելյան Եվրոպայի երկրներին, այդ թվում՝ Մոլդովային և չճանաչված Կոսովոյին, առաջարկել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող անօրինական միգրանտներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու շուրջ բանակցություններ է վարում նաև աֆրիկյան չորս երկրների՝ Բենինի, Ռուանդայի, Լիբիայի և Էսվատինիի, ինչպես նաև Մոնղոլիայի հետ:

Լատինական Ամերիկայի երկու պետությունների՝ Հոնդուրասի և Կոստա Ռիկայի հետ Սպիտակ տունը մտադիր է երկարաժամկետ համաձայնագրեր կնքել։ Ամերիկյան վարչակազմն այդ երկրներին ֆինանսական աջակցություն և քաղաքական օգուտներ է առաջարկում միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում աջակցության դիմաց: Խոսքը այն միգրանտների մասին է, որոնց երկրները ձգձգում կամ հրաժարվում են հետ ընդունել իրենց քաղաքացիներին

Թրամփը բազմիցս հանդես է եկել ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացման օգտին։