Սարգիս Խանդանյանին իր ադրբեջանցի գործընկերը մերժել է
«Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝ ինձ «պոպուլիստ» անվանելով»,- X-ում գրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք՝ նա ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
«Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Իմ առաջարկը մնում է սեղանին։ Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- գրել է նա։

