Գիտնականները Արարատ լեռան վրա գտել են ջրհեղեղի վկայություններ. The Jerusalem Post
Արևելյան Թուրքիայում Արարատ լեռան և Նոյան տապանի վերաբերյալ 7-րդ միջազգային սիմպոզիումի վերջին բացահայտումներից հետո հնագիտականհամայնքում հուզումն աճում է, գրել է The Jerusalem Post-ը։
2021-ից Ստամբուլի տեխնիկական համալսարանի, Աղրիի Իբրահիմ Սեսեն համալսարանի և ԱՄՆ Էնդրյուս համալսարանի փորձագետների խումբն աշխատում է «Արարատ լեռան և Նոյան տապանի հետազոտողների խումբ» անվան տակ։
Գիտնականների խումբը ջանքերը կենտրոնացրել է Դուրուփընար՝ 538 ոտնաչափ բարձրությամբ լիմոնիտ երկրաբանական կառույցի ֆորմացիայի վրա, որը գտնվում է Արարատ լեռան գագաթից մոտ 30 կիլոմետր դեպի հարավ՝ Աղրիի Դողուբայազըթ շրջանում, թուրք-իրանական սահմանի մոտ։
Դուրուփընարը վաղուց գրավել է հետախույզների և հետազոտողների ուշադրությունը նավի նմանվող ձևի և չափի շնորհիվ՝ արտացոլելով Նոյան տապանի աստվածաշնչյան նկարագրությունը։
Աստվածաշնչի համաձայն՝ տապանի չափերն էին «երեք հարյուր կանգուն երկարություն, հիսուն կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն»։ Կառույցի չափերը՝ մոտ 150 մետր երկարություն, համապատասխանում են այս նկարագրությանը:
Գիտնականների թիմը տեղանքից հավաքել է մոտ 30 քարե և հողի նմուշ: Ստամբուլի տեխնիկական համալսարան ուղարկված այս նմուշները հայտնաբերել են կավե նման նյութերի, ծովային նստվածքների և ծովամթերքի, այդ թվում՝ կակղամորթների մնացորդներ։ Փորձագետները պարզել են, որ նյութերը 3500-5000 տարեկան են։ Այս շրջանը համընկնում է էնեոլիթի ժամանակաշրջանին, որը տևել է մ.թ.ա. 5500-3000թթ., որը կապված է Ծննդոց գրքում նկարագրված աստվածաշնչյան ջրհեղեղի ժամանակաշրջանի հետ։
Նմուշներում ծովային նյութերի և խեցեմորթների հայտնաբերումը թույլ է տալիս ենթադրել, որ տարածքը ժամանակին ջրի տակ է եղել: Այս բացահայտումները հաստատում են այն տեսությունը, որ տարածաշրջանում տեղի է ունեցել աղետալի ջրհեղեղ, որը համապատասխանում է տարբեր կրոնական տեքստերում պարունակվող ջրհեղեղի պատմությանը:
Արարատ լեռան վրա՝ 5 137 մետր բարձրությամբ, հանգրվանել է Նոյան տապանը։ Դրա նշանակությունը նշվում է կրոնական տեքստերում, այդ թվում՝ Ծննդոց 8։4-ում. «Եվ տապանը նստեց յոթերորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռների վրա»։
Արարատը չգործող հրաբուխ է՝ ծածկված հավերժական ձնով։ Դարեր շարունակ լեռը եղել է ինտրիգների և ուխտագնացությունների վայր։
Դուրուփընարն ի սկզբանե հայտնաբերվել է քուրդ ֆերմերների կողմից 1948թ., իսկ 1951թ. թուրքական բանակի կապիտան Իլհան Դուրուփընարը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել նրա վրա ՆԱՏՕ քարտեզագրման առաքելության ժամանակ։ Չնայած բազմաթիվ արշավներին և հետազոտություններին, որոնք իրականացվել են երկար տարիներ, կոնսենսուս այս օբյեկտի հարցում այդպես էլ ձեռք չի բերվել։

