Մեծ գիտնական Ռուբեն Օրբելուն հավատացող կինը
«Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում նրան հավատացող կին է կանգնած,- Իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի իմաստուն միտքը վաղուց աքսիոմա է դարձել, և այլևս չենք փորձում ապացույցներ փնտրել, այլ որևէ հաջողակ տղամարդու թիկունքին պարզապես նրան հավատացող կնոջն ենք փնտրում։
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ներկայացնում է եղբայրներից ավագի՝ հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելու կնոջը՝ Օլգա Վլադիմիրովնա Նիկոլսկայային:
«1904թ. Ռուբեն Օրբելին պրակտիկա էր անցնում Ենայի համալսարանում: Օրբելու այդ ուղևորության հիմքում ընկած էր ոչ միայն ուսման հանդեպ ծարավը, այլ նաև Օլգա Նիկոլսկայայի ներկայությունը Ենայի համալսարանում իբրև ուսանող: Ըստ Ռուբեն Օրբելու թոռնուհի Օլգա Մանդրիկայի՝ երիտասարդ զույգը այդ քայլով է արտահայտել իրենց վերաբերմունքը ծնողների դիրքորոշմանը:
Ելնելով կրոնական համազմունքներից նրանք չէին հաշտվում երեխաների ընտրության հետ, քանի որ Ռուբեն Օրբելին Հայ-Գիրգորյանական եկեղեցու հետևորդ էր, իսկ նրա ընտրյալը հայտի մանկավարժ, իրավագետ Բորիս Նիկոլսկու քույրը, ով չէր թաքցնում իր միապետական համոզմունքնեը և սլավոֆիլ լինելը: Օլգա Նիկոլսկայայի մայրը և Ռուբեն Օրբելու ծնողները միայն նրանց պսակադրությունից տարիներ անց տվեցին իրենց համաձայնությունը, երբ երիտասարդ զույգը արդեն ուսանում էր Ենայի համալսարանում:
Մինչ Օրբելու հետ ծանոթանալը Օլգա Նիկոլսկայան ավարտել էր Սմոլնիի ինստիտուտը, անցել էր Բեստուժևյան կուրսեր, տևական ժամանակ դասավանդել իգական գիմնազիայում ռուսաց լեզու և գրականություն:
Զույգը պսակադրվել է 1908թ. մայիսի 11-ին Վասիլևսկի կղզու Սուրբ Զաքարիա եկեղեցում, որից հետո գնում են Հայ-Գիրգորյանական Սբ. Եկատերինա եկեղեցի օրհնություն ստանալու: 1910թ. հուլիսի 6-ին ծնվում է նրանց աղջիկը ՝ Ռուսուդանը, ում վիճակված էր դառնալ հայտնի պատմաբան Պյոտր Մանդրիկայի կինը:
Իր բարության, խելքի և նվիրվածության շնորհիվ Օլգա Նիկոլսկայան վայելում էր սկեսուրի անմնացորդ սերն ու հարգանքը, որի մասին մեզ պատմում են Վարդանուշ Արղությանի հղած նամակները իր սիրելի հարսին.
«Եթե ես կարողանայի ինչ-որ բանով արտահայտել, եթե ես կարողանայի իմ երդմամբ ապացուցել քեզ այն ամենը, ինչ զգում եմ քո հանդեպ, եթե մեկ վայրկյան անգամ կարողանայի իմ սիրտը դնել քո մեջ, որպեսզի դու համոզվես, թե ինչքան եմ քեզ սիրում:
Լյա՛լյա, դու ինձ համար թանկ ես ու սիրելի, ոչ միայն իմ Ռուբենի հանդեպ ունեցած սիրով, այլ բարության ու խելքի համար, որը տեսանելի է քո ամեն մի խոսքում: Հավատում եմ, անսահմանորեն հավատում ի՛մ գանձ, թանկագին ի՛մ բալիկ, հավատում եմ քո սիրուն իմ Ռուբենի հանդեպ: Պատրաստ եմ քեզ հետ գնալ ձեռք ձեռքի, պատրաստ եմ ամեն ինչի, որպեսզի դու մշտապես լինես նրա հետ, պարզ է` դու Աստծո կողմից ես նրան ուղարկվել»:

