ԵՄ-ն դադարեցնում է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը. Politico

Եվրամիության երկրների ղեկավարները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Այս մասին հայտնում է Politico-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի փաստաթղթի նախագիծը։

Նշվում է, որ ԵՄ երկրների ներկայացուցիչների քննարկմանը ներկայացված տեքստի նախագծից անհետացել է Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների կազմակերպման  «ուղղակի հղումը»։ Փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Բուդապեշտը վետո է դրել փաստաթղթի նախորդ տարբերակի վրա ԵՄ պետությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ։

Հրատարակության գնահատումներով՝ այս ֆոնին քիչ հավանական է, որ ԵՄ-ի կողմից օգնությունը «լրացնի վակուումը», որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի մատակարարումների դադարեցումից հետո։