Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը
Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են: Այս մասին «Արմենպրես»-ում հրապարակված իր հոդվածում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է. «Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ:
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է:
Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել:
Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

