ԿԽՄԿ-ն Ռուբեն Վարդանյանին այցելել է հացադուլի ժամանակ. Զառա Ամատունի

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվող՝ հաջակցություն Բաքվում հայ գերիների ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա հայտնեց, որ հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեն տեսակցել բժշկի հետ։

«Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է կալանավորներին, և դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ»,-ասաց Ամատունին։

Նրա խոսքով, երբ ասում ենք` հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, Կարմիր խաչի նամակներն են։

«Շատ դժվար է ասել` ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել` իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»,-ասաց նա։

Նա նշեց, որ բժիշկը նույնպես հանդիսանում է պատվիրակ, ինչը նշանակում է, որ չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ «Այսինքն, չեզոքությունը ապահովելով՝ մեր պատվիրակների հետ բժիշկը նույնպես այլազգի կոլեգա է։ Տվյալ տեսակցության շրջանակում եղել է բժշկական անձնակազմ, որը հնարավորություն է ստացել ապահովել այդ չեզոք զննումը անձի, որը գտնվում է հացադուլի մեջ»,-ասաց Ամատունին։