Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը հետաձգվել է

Բաքվում այսօր նշանակված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու «դատավարությունը» հետաձգվել է փետրվարի 27-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պատճառը եղանակային պայմաններն են:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին տեղի ունեցած նախորդ նիստում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից ու պաշտոնյաներից ոչ ոք իրեն մեղավոր չէր ճանաչել իրենց առաջադրված շինծու մեղադրանքներում։ Ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ այսօրվա նիստը մեկնարկելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքով։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը  նշանակված է փետրվարի 25-ին։ Ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը ավելի վաղ հացադուլ էր հայտարարել։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: