Ես կցանկանայի գրաբար խոսել Հայաստանի պետական համալսարանի հայ ուսանողներ հետ․ այդ է իմ երազը…․ Հովսեփ Օրբելի
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ հուշերի մի պատառիկ է ներկայացրել Հովսեփ Օրբելու մասին։
1950թ. ամռանը Երևանի պետական համալսարանի 46 ուսանողներ մեկնեցին Լենինգրադ՝ մեկամսյա արտադրական էքսկուրսիայի:
Ուսանողների շրջագայությունը սկսվում է Էրմիտաժից, և տղաները տեղեկանում են, որ Օրբելին տկար է ու չի գալու աշխատանքի: Քարտուղարուհուց վերցնում են Հ. Օրբելու հեռախոսահամարը և զանգում են տուն՝ առողջություն մաղթելու:
Լսափողը վերցրեց Օրբելու կինը ու հարցրեց.
– Իսկ դուք որտեղի՞ց եք:
-Երևանից ենք, պետական համալսարանի մի խումբ ուսանողներ:
– Խնդրում եմ սպասեք: Ճիշտ է, նա տկար է, ջերմություն ունի, սակայն կնեղանա ինձանից, եթե չհայտնեմ ձեր մասին, քանի որ դուք Հայաստանից եք:
Ջոնը և ես հեռախոսի ընկալուչից մեր ականջաբաժինը պահանջեցինք: Հիմա երեք ականջ մի ընկալուչի՝ սպասում ենք: Այդ ու՞մ քունքն է, որ այդպես ուժգին է խփում: Արդյո՞ք չի խանգարի լավ լսելուն: Ես հարցական նայում եմ Ջոնին, Ջոնը ինձ ու Գվիդոնին…Երևի երեքս էլ նույնն ենք զգում: Խորհրդավոր է պահը.ինձ համար նույիսկ պատմական: Ասես դարերի միջից լսելու եմ Որոտնեցուն կամ Տաթևացուն: Ահա, վերջապես, լսափողի մեջ հնչեց Օրբելու մի փոքր խռպոտ բարիտոնը.
-Տղանե՛ր, ասում եք Երևանից եք, հա՞: Ես ձեր հոգուն մատաղ, Երևանի սևաչ թառլաններ: Քանի՞ հոգի եք: Քառասունվե՞ց: Օհո՜, ասեք՝ մի ամբողջ Հայաստան, էլի՜: Ձեր արևին մեռնեմ, մնացեք այդտեղ, մի ցրվեք, ես հիմա կարգադրություն կանեմ ու կես ժամից կլինեմ ձեզ մոտ:
Օրբելու կարգադրության ու գալու մասին հայտնեցինք խմբի պատասխանատու դասախոսին, որն ուղղակի բորբոքվեց.
– Շատ էլ որ հայ է, դուք էլ Հայաստանից: Վերջ տվեք ձեր այդ անհանգստացնող ու ցուցամոլ հայրենասիրությանը: Թողնեիք հանգստանար հոգնած-վաստակած մարդը…
Այդպես մեր դասախոսի բարկությունը «իններորդ ալիքի» էր, երբ տեղ հասավ գիտնականը: Նախ կանգնեց ու հեռվից հայացքով ընդգրկեց բոլորիս: Նրա աչքերը ժպտում էին երջանկության կրակով: Հետո լայն բացեց թևերը և գրկաբաց առաջացավ դեպի մեզ, իբրև թե գրկում է մեզ բոլորիս…
-Վա՜յ, ձեր արևին մեռնեմ: Սև-սև ու տաք-տաք, իսկական հայի լաճեր…
Նա կարոտել էր իր Հայաստանին, մայրենի բարբառին, իր ինքնությանը: Եվ ինչու՞ զարմանալ, եթե մեծ է նրա կարոտը. չէ՞ որ մեծ մարդկանց սերն էլ է մեծ լինում…
Օրբելին մեզ առաջնորդեց իր ընդունարանը: Նստեց իր գրասեղանի առջև ու նորից հիացախառն կարոտով նայեց մեր շարքերին սկզբից մինչև վերջ: Հետո, շարժվելով բազկաթոռի մեջ՝ հարցրեց.
-Իսկ հիմա , հայկական պետական համալսարանի հարգարժան ուսանողներ, իրար հետ ի՞նչ լեզվով պիտի խոսենք:
-Պրոֆեսո՜ր, – մեջ մտավ մեր դասախոսը,- մեր մեջ հայրենադարձ ընկերներ կան, որոնք դեռ լավ չեն տիրապետում ռուսերենին, ուստի՝ հայերեն, եթե կարելի է.
Սկզբում զարմացավ, ապշեց Օրբելին: Միանգամից խամրեց նրա ճառագայթող ուրախությունը: Հետո զայրացավ, բայց մի կերպ տիրապետելով իրեն՝ հարցրեց չոր.
-Իսկ դուք ո՞վ եք, հարգելի՛ս:
Մոտ նստած ուսանողներից մեկը շշնջաց.
– Մեր դասախոսն է:
– Հայկական պետական համալսարանի դասախո՞ս… Դու՛ք, ընկեր դասախոս, ինչպե՞ս թույլ տվեցիք ձեզ մտածելու, որ Հովսեփ Օրբելին Երևանի պետական համալսարանի հայ ուսանողների հետ կարող էր խոսել ոչ հայերեն լեզվով… Իմ միտքն այն էր, որ գուցե մեր նախնյաց լեզվով ՝ գրաբարով խոսեինք իրար հետ…
Զգաց, անշուշտ, որ բորբոքված է ու լռեց: Երբ հանդարտվեց, հարցրեց.
-Ովքե՞ր են հայրենադարձները:
Տղաները ցույց տվեցին հայրենադարձ ուսանողներիս: Ես շատ մոտ էին նստած նրա գրասեղանին: Նայեց ինձ, քաղցր ժպտաց ու հարցրեց, թե որտեղի՞ց եմ եկել, ովքե՞ր են ծնողներս, որտե՞ղ եմ հայերեն սովորել: Ու երբ իմացավ, որ սովորել եմ Տանն Կիլիկիո Անթիլիասի դպրեվանքում, հարցրեց.
-Բաբկեն Կյուլեսերյանը ձեզ դասախոսե՞լ է:
-Այո՛, պրոֆեսոր, դասախոսել է:
– Ասե՞մ՝ ինչ առարկաներ է դասախոսել,-և առանց պատասխանի սպասելու շարունակեց,-գրաբար, մատենագիտություն և հայ հին մատենագրություն: Ճի՞շտ է:
-Պրոֆեսոր, ճիշտ կռահեցիք, գրաբարից բացի, որը դասավանդում էր Փառեն ծայրագույն վարդապետ Մելքոնյանը:
-Եվ քանի որ դուք պատմաբան, բանասեր ու գրաբարագետ Կյուլեսերյանի սանն եք եղել, ես ուզում եմ մի քիչ հարցաքննել ձեզ: Դուք համաձա՞յն եք:
-Խնդրեմ, պրոֆեսոր:
– Ինչի՞ն էր նվիրված նրա վարդապետական թեզը:
– Նվիրված էր Եղիշեի «Վասն Վարդանայ և պատերազմին հայոց» երկին: Այդ մենագրությունը հետո արժանացավ «Իզմիրլյան» մրցանակի և հրապարակվեց «Նուպարյան» ֆոնդի մատենաշարով:
-Կեցցե՛ս. ահա ձեզ ուսանող, որի հետ կարելի էր մեր նախնյաց լեզվով՝ գրաբարով խոսել,- ասաց, դարձավ մեր դասախոսին ու բարեկամական տոնով շարունակեց,- ընկեր դասախոս, հարգելի՛ս, այս է, որ փնտրում էի: Ես կցանկանայի գրաբար խոսել Հայաստանի պետական համալսարանի հայ ուսանողներ հետ: Իմացե՛ք , այդ է իմ երազը…
ՍԱՐԳԻՍ ՅԱՓՈՒՋՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայրենիքի ձայն, 4 սեպտեմբերի 1985թ. N36 (1048)

