Ի՞նչ պետք է ասեր, և ի՞նչ էր սպասում ժողովուրդը, որ չասեց մամուլի ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը
«Կեղծ է ամեն մի գրականություն, բարոյականություն ու քաղաքական վարդապետություն, որ ուժ ու արիություն չի ներշնչում իր դավանողին»․ Գարեգին Նժդեհ։
Միանգամից ասեմ, որ 2021թ. խորհրդարանական ընտրություններին պաշտպանել եմ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ինչի համար ամենևին էլ չեմ զղջում։ Ռոբերտ Քոչարյանն անշուշտ ծանրակշիռ հետք է թողել հայոց պատմության մեջ և մեծ ավանդ ունի Արցախի ազատագրման և Արցախի ու Հայաստանի պետականությունների կայացման գործում։ Մամուլի ասուլիսում էլ նա ներկայացրեց գրագետ ու կշռադատված վերլուծություններ։ Դրա հետ միասին սակայն, հայ ժողովուրդն ըստ իս ինչպես նրանից, այնպես էլ առաջին և երրորդ նախագահներից սպասում է երկրում ստեղծված այս մղձավանջի, այս համակողմանի ճդնաժամի և նախևառաջ բարոյահոգեբանական ու արժեհամակարգային ճգնաժամի, այս իշխանություններին ծնող այլասերված միջավայրի պատճառների օբեկտիվ և ինքնաքննադատաբար վերլուծություն ու ապաշխարում։ Որքան էլ մեծ ավանդ ունենան երեք նախագահները Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակի գործում, խաղաղության, կայունության ու երկու հայկական պետությունների զարգացման գործում, վերջնական արդյունքը թերևս այս ապազգային ու ապաշնորհ իշխանություններն են, հանուն ոչնչի դարձած 37 տարիներն են, հազարավոր զոհերը, տառապանքներն ու զրկանքներն են, կորսված Արցախն է, այս բարոյազուրկ ու դեգրադացված միջավայրն է, այս համակողմանի ճգնաժամն ու ազգային խայտառակությունն է։ Ժողովուրդը սպասում է, որ ինչպես երկրորդ, այնպես էլ առաջին ու երրորդ նախագահները վեր կկանգնեն իրենց կապրիզներից, ամբիցիաներից և անձնական ու կուսակցական շահերից, միջանձնային հարաբերություններից, փոխադարձ վիրավորվածությունից և օրհասական այս պահին կառաջնորդվեն բացառապես երկրի ու ազգի շահերով, որ օգտագործելով իրենց հեղինակությունը՝ կդիմեն ժողովրդին համերաշխության, իսկ ընդդիմությանը` միասնության կոչով, որ կնախաձեռնեն ազգային էլիտային մեկ սեղանի շուրջ հավաքվելու ու համախմբվելու կոչով։ Մինչդեռ դա չարվեց ոչ 44-օրյա պատերազմի, ոչ նրանից հետո և ոչ էլ Արցախի անկման ժամանակ։ Իսկական մեծերն ու պետական-ազգային գործիչներն էլ նրանք են, ում համար ազգային արժանապատվությունը, հայրենիքն ու պետությունը գերագույն արժեք են, ովքեր խիզախ, իմաստուն ու անշահախնդիր են, ում տեղը երկնքի աստղերի մեջ է, ում հոգին ապրում է մենության մեջ, ով իր երկիրն ու ժողովրդին սիրում է մի անբացատրելի սիրով, ով չի վախենում մահից ու պատիժներից, ում սիրտն ու հոգին սրբավայր է բոլոր հայերի համար, ով հայի մեջ միասնության և ապագայի հանդեպ հույս, պայքարելու ու ապրելու ցանկություն կարող է արթնացնել և պատմական առաքելություն ստանձնել իր բազմաչարչար, տառապած, թշվառ, մոլորված, խաբված, անմիաբան և պատերազմի ու մահվան սարսափով ահաբեկված ժողովրդի համար։ Ով պատասխանատվություն կվերցնի երկրի ու ժողովրդի համար, պատրաստ լինելով իր կյանքը դարձնել ուխտագնացություն, խաչվել և վառվել մոմի նման, անցնել տառապանքների ու դժոխքի միջով, հակադրվելով սատանայի, հայրենադավության, այլասերվածության, գորշության, ցածրագույն կրքերի, տգիտության, ատելության ու խավարի դեմ անձնուրաց պայքարում։ Ով ցանկանում է Հայաստան պետությունն ու հայի հայրենիքը փրկել կործանման վերահաս վտանգից և իր ժողովրդին արժանապատվորեն առաջնորդել բարոյականության, արժանապատվության, օրինականության և արդարության ուղով։ Ոչ պատահականորեն են ասում, որ մեծ նավերը ծանծաղուտներում լողալու համար չեն, այլ օվկիանոսների խորխորատներում` նավարկելու։ Այդ թույլերն են իրականությունը համարում անիրական և ապրում երևակայությունների աշխարհում, իսկ ուժեղ անհատականությունները` ցանկությունը դարձնում են իրականություն։ Վերածնվելու բանաձևն էլ պայքարի, զոհաբերության, հայրենիքի նկատմամբ ունեցսծ սիրո և Աստծո նկատմամբ ճշմարիտ հավատքի մեջ պետք է փնտրել։ Ժողովուրդների կյանքն էլ չընդհատվող պայքար է, հանուն իրական հայրենիք ունենալու, հանուն ազատության ու արժանապատվության։ Պատմության մեջ ոչ մի ժողովուրդ էլ դեռ չի պարտվել, անհաջողություններ չի ունեցել որևէ այլ բանի բացակայության պատճառով, բացի պայքարելու կամքի բացակայությունից։ Միայն պայքարելու կամքը կարող է ցրել հուսահատությունն ու անվճռականությունը, ապահովել հաջողություններ ու հաղթանակ։ Իսկ երբ ազնիվ, իմաստուն և նվիրյալ մարդիկ միասին են գործում և միաբան են, տգետներն ու ստահակները նահանջում են, և արդարությունն ու իմաստությունը ի վերջո հաղթում են։ Մեծարգո նախագահնե՛ր, երբ հայաթափված է Արցախը, երբ ազգդ անասելի նեղության մեջ է, մոլորված է, ահաբեկված, խեղճացած է, խաբված ու պառակտված է, երբ աշխարհը հեգնական ու ծաղրական հայացքով հետևում է մեր և Ձեր երկրում տեղի ունեցող տարակուսելի, անտրամաբանական ու զավեշտալի գործընթացներին, ժողովուրդը Ձեր քաջալերման, կարեկցանքի, իմաստնության ու աջակցության կարիքն ունի, ինչպես երբևէ։

