Գիրք նվիրելու օրը՝ ի պատիվ Ամենայն հայոց բանաստեղծի

Հայաստանում այսօր՝ փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այն  ընտրված է՝ ի պատիվ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա։

Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ։

Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։

Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Նրա խոսքով Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր։