Արցախը երբեք բանակցային պրոցեսից դուրս չի մնացել
Ես երբեք որևէ բանակցային գործընթացից չեմ հրաժարվել, և չեմ վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերեն, որը չեմ կարողանալու բարեփոխել: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ի մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Արցախը երբեք բանակցային գործընթացից դուրս չի մնացել, սա կեղծ թեզ է, որը շարունակաբար փորձում են հրամցնել մեր ժողովրդին»,- նշեց Քոչարյանը:
Երկրորդ նախագահը նշեց, որ իր իշխանության տարիներին Մինսկի խմբի համանախագահողները տարածաշրջան այցելելու ժամանակ միշտ այցելել են Ղարաբաղ և հանդիպել են Լեռանային Ղարաբաղի ղեկավարության հետ:
«Մինսկի խմբի շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ: Իմ ու Ալիևի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ մի պրոցես, որը ավարտվել է Քի Վեսթով: Եթե չլիներ Քի Վեսթը, չէին լինի Մադրիդյան սկզբունքները, որոնք ուղղակի ֆիքսում էին Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը» ,- հավելեց ՀՀ երկրորդ նախագահը:

