Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց․ այս մասին հայտնել է գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով:

Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։

Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։