Օրենքի նախագիծն ամբողջությամբ խախտում է շրջանառության հարկի համակարգի տրամաբանությունը․ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ:
«Շրջանառության հարկի համակարգի վերանայման օրենսդրական նախաձեռնությունը, որն առնչվում է ավելի քան 55 հազար տնտեսվարող սուբյեկտների, ընդունվել է առանց պատշաճ հանրային քննարկման»,- հայտարարեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերին ընդունվել է օրենքի նախագիծ, որն ամբողջությամբ խախտում է շրջանառության հարկի համակարգի տրամաբանությունը։ Մասնավորապես, շրջանառության հարկ վճարողները պետք է այսուհետ վարեն գույքագրման մնացորդների, պահեստի հաշվառում և այլն: Հակառակ դեպքում կտուգանվեն։
Այս առնչությամբ փորձագետը կոչ արեց հետաձգել նոր օրենքի ուժի մեջ մտնելը, որը փաստացի գործում է 2025 թվականի սկզբից։
Անհատ ձեռներեց Կարեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ 2025 թվականի հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների պատճառով ոսկերչական իրերի մանրածախ առևտրով զբաղվողները արագորեն կորցնում են իրենց մրցունակությունը՝ ոսկյա զարդերի ավելի բարձր գների պատճառով, քանի որ
օրենսդրական փոփոխությունների արդյունքում ապրանքների ինքնարժեքը կտրուկ սկսել է աճել։ Իսկ սա մարտահրավեր է։
«Սա պակաս մրցունակ է դարձնում հայ ոսկերիչների արտադրանքը։ Ռուսները, ղազախները և այլ երկրներից մարդիկ, ովքեր Հայաստանում ոսկի են գնում, սկսել են ապրանքներ գնել հարևան երկրներից»,- նշեց Մարտիրոսյանը։

