ՍՊՈՆԴԻԼՈԼԻՍԹԵԶ. երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ
Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Էրեբունի ԲԿ-ի օրթոպեդ-վերտեբրոլոգ Կարապետ Մոմջյանը նշում է, որ սպոնդիլոլիսթեզը կարող է առաջացնել ողնաշարի ձևափոխում, ողնաշարային խողովակի նեղացում, նյարդարմատների սեղմում:
Ըստ թեքվածության աստիճանի տարբերում ենք`
Առաջին՝ թեքումը մինչև 25 տոկոս
Երկրորդ՝ 26-50 տոկոս
Երրորդ՝ 51-75 տոկոս
Չորրորդ՝ 76-100 տոկոս
Հինգերորդ, երբ մի ողը լրիվ դուրս է գալիս մյուս ողի սահմաններից։
Նպաստող գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, ողնաշարում առկա խնդիրները, ողնաշարի վնասվածքները, ծանրաբեռնվածությունը:
Ախտանշանները
- Ցավ գոտկատեղում կամ ոտքերում, որն ուժեղանում է ծանրաբեռնվածությունից:
Դիտվում է նաև շարժումների սահմանափակում:
Հաճախ գանգատվում են երկար կանգնելուց կամ քայլելուց հետո նստանյարդի ուղղությամբ ցավից, ոտքերում հոգնածության զգացողությունից: Նստած վիճակում ցավեր հիմնականում չեն լինում:
Մկանների լարվածություն ազդրերի հետին շրջանում, մեջքի ստորին հատվածի ճկունության նվազում, ողնաշարն ուղղելիս՝ ցավ կամ տհաճության զգացում:
Որոշ բուժառուներ նշում են ցավ, թմրածություն, ծակծկոց և թուլություն ոտքերում, որն հետևանք է նյարդարմատների սեղմման:
Վիրահատական միջամտությունն արվում է 3-5-րդ աստիճանների դեպքում:
Եթե ունեք նմանատիպ խնդիրներ, մի՛ ուշացրեք այցելությունը մասնագետին:

