ՍՊՈՆԴԻԼՈԼԻՍԹԵԶ. երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ

Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Էրեբունի ԲԿ-ի օրթոպեդ-վերտեբրոլոգ Կարապետ Մոմջյանը նշում է, որ սպոնդիլոլիսթեզը կարող է առաջացնել ողնաշարի ձևափոխում, ողնաշարային խողովակի նեղացում, նյարդարմատների սեղմում:

Ըստ թեքվածության աստիճանի տարբերում ենք`

Առաջին՝ թեքումը մինչև 25 տոկոս

Երկրորդ՝ 26-50 տոկոս

Երրորդ՝ 51-75 տոկոս

Չորրորդ՝ 76-100 տոկոս

Հինգերորդ, երբ մի ողը լրիվ դուրս է գալիս մյուս ողի սահմաններից։

Նպաստող գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, ողնաշարում առկա խնդիրները, ողնաշարի վնասվածքները, ծանրաբեռնվածությունը:

Ախտանշանները

  • Ցավ գոտկատեղում կամ ոտքերում, որն ուժեղանում է ծանրաբեռնվածությունից:

Դիտվում է նաև շարժումների սահմանափակում:

Հաճախ գանգատվում են երկար կանգնելուց կամ քայլելուց հետո նստանյարդի ուղղությամբ ցավից, ոտքերում հոգնածության զգացողությունից: Նստած վիճակում ցավեր հիմնականում չեն լինում:

Մկանների լարվածություն ազդրերի հետին շրջանում, մեջքի ստորին հատվածի ճկունության նվազում, ողնաշարն ուղղելիս՝ ցավ կամ տհաճության զգացում:

Որոշ բուժառուներ նշում են ցավ, թմրածություն, ծակծկոց և թուլություն ոտքերում, որն հետևանք է նյարդարմատների սեղմման:

Վիրահատական միջամտությունն արվում է 3-5-րդ աստիճանների դեպքում:

Եթե ունեք նմանատիպ խնդիրներ, մի՛ ուշացրեք այցելությունը մասնագետին: