«Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին․ Սոբհանի
«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին և միատեսակ ենք մտածում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք Հայաստանի հետ։ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և Հայաստանին, և Իրանին»,- այսօր ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին
Հարցին՝ արդյո՞ք նկատի ունի Ռուսաստանին, որի՝ ամիսներ առաջ հնչած հայտարարություններից պարզ են դառնում, որ Իրանն ու ՌԴ-ն այս հարցում տարաձայնություններն ունեն, նա պատասխանեց. «Մենք հստակորեն և Ռուսաստանին, և մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը»։
«Զանգեզուրի հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված։ Ուրեմն մենք մեր երկրի ազգային անվտանգության հարցում հաստատակամ ենք։
Մյուս դիրքորոշումները, եթե չեն համընկնի մեր դիրքորոշումների հետ, այո, մենք այդ դեպքում տարաձայնություն կունենանք։ Մեզ համար առաջնահերթությունը մեր երկրի ազգային շահերն են, այդ հարցում հնարավոր չէ ոչ փոխզիջումների, ոչ էլ գործարքների գնալ»,- ընդգծեց դիվանագետը։

