Տեսչական մարմինը սահմանել է սուր շնչառական վարակների նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված՝ հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութ յուններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոններով և նորմերով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։
Մասնավորապես՝
Նախադպրոցական ուսումնական հաստատություններին.
- Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից հարցման եղանակով տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին.
- Իրականացնել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը.
- Զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին մեկուսացնել.
- Ամեն օր օդափոխել տարածքը, խմբերում օդափոխությունը կատարել միայն երեխաների բացակայության ժամանակ.
- Օդի ջերմային ռեժիմի հսկողությունը իրականացնել սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով.
- Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումները.
- Պահպանել խմբային մեկուսացումը, սահմանափակել երեխաների միջխմբային շփումները.
- Կատարել ամենօրյա խոնավ մաքրում օրը 2 անգամ.
- Հիվանդացած երեխաներին թույլատրել հաճախել ապաքինումից հետո՝ առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով:
Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին.
- Սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում հաստատությունում ապահովել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը միջին բուժաշխատողի կողմից,
- Հայտնաբերված հիվանդ երեխաներին և ուսուցչական անձնակազմին անմիջապես տեղափոխել բուժկետ՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել երեխայի ծնողին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ երեխային տուն ուղեկցելու համար,
- Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխել դասամիջոցներին, իսկ դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարել շենքերի միջանցիկ օդափոխություն,
- Հաստատության շենքերում ապահովել օդի համապատասխան ջերմաստիճանները,
- Կատարել շենքերի ամենօրյա խոնավ մաքրում, առնվազն օրը երկու անգամ։

