Նոբելյան մրցանակի դափնեկիր 18 գիտնական- փորձագետների, միջուկագետների նախազգուշացումը՝ աշխարհը շատ մոտ է միջուկային համաղետին (տեսանյութ)

Սերգեյ Շոյգուն հաստատել է այն, իսկ Նարիշկինը հավելել…

 

«Դատաստանի օրվա ժամացույցի» սլաքը մեկ վայրկյանով ավելի է մոտեցել «միջուկային կեսգիշերին», ինչին հասնելը նշանակում է ռազմավարական նշանակության միջուկային զենքի զանգվածային կիրառմամբ լայնամասշտաբ պատերազմ, Երրորդ համաշխարհային պատերազմ, այսինքն՝ մեր բոլորի, մարդկության վերջը, երկրային քաղաքակրթության վերջը, ամեն ինչի վերջը, մոխրացումը մեր չքնաղ մոլորակի: Հորինվա՞ծք է սա՝ սարսափազդու այս գուժումով ընթերցողներին գրավելու համար… Ո՛չ, բնավ ոչ: Երանի այդպիսին լիներ…

Ստորև ներկայացվող տեղեկությունները ես չեմ հորինել, ոչ էլ մեկ ուրիշը: Բոլոր տեղեկությունների աղբյուրները կնշվեն ակտիվ հղումներով, որոնց վրա համապատասխան սեղմումով կարող եք ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող «Ատոմագետ գիտնականների տեղեկագրի» («Bulletin of the Atomic Scientists»), ինչպես նաև ՌԴ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակած տեղեկություններին ու կարծիքներին:

Եվ, ուրեմն, նախ այն մասին, թե ինչ է «Դատաստանի օրվա ժամացույցը» (անգլ.՝  Doomsday Clock): Այն Չիկագոյի համալսարանի (ԱՄՆ) «Ատոմագետ գիտնականների տեղեկագիր» ամսագրի հեղինակավոր նախագիծն է, որը 1947թ. նախաձեռնվել, սկսվել է ամերիկյան առաջին ատոմային ռումբի ստեղծողների կողմից։

Ամսագրի շապիկին պարբերաբար տպագրվում է ժամացույցի պատկեր՝ ժամի և րոպեի սլաքներով, որոնք ցույց են տալիս, թե մինչև խորհրդանշական կեսգիշեր խորհրդանշորեն որքան ժամանակ է մնացել: Կեսգիշերն ինքնին խորհրդանշում է միջուկային աղետի պահը: Մինչև կեսգիշեր մնացած ժամանակը խորհրդանշում է միջազգային իրավիճակի լարվածությունը և միջուկային զենքի զարգացման առաջընթացը: Ժամացույցի սլաքները տեղափոխելու մասին որոշումը կայացնում է ամսագրի տնօրենների խորհուրդը հրավիրված փորձագետների օգնությամբ, որոնց թվում են, մասնավորապես, Նոբելյան մրցանակի 18 դափնեկիրներ:

Նախագծի 78- ամյա պատմության ընթացքում ժամացույցի սլաքները փոխել են իրենց դիրքը 27 անգամ, ներառյալ՝ 1947թ. մեկնարկային կարգավորումը, երբ ժամացույցի սլաքներին 7 րոպե էր բաժանում մինչև «միջուկային կեսգիշեր»։ Կարիբյան ճգնաժամի ժամանակ (1962) աշխարհն ընդամենը երկու քայլ է հեռու եղել միջուկային պատերազմից։ Այնուամենայնիվ, քանի որ, ինչպես ներկայացվում է ճգնաժամը 38 օրվա ընթացքում լուծվել է, չեն հասցրել ժամացույցի սլաքների համապատասխան փոփոխությամբ արձագանքել Կարիբյան ճգնաժամին, և ժամացույցի ցուցմունքները չեն փոխվել: 1960 թվականից մինչև 1963թ. ժամացույցը ցույց է տվել «միջուկային կեսգիշերից» 7 րոպե պակաս, 1963- ին այս ժամանակը հասցվել է 12 րոպեի:

Սլաքների դիրքը երեկ փոփոխվել է («Վիկիպեդիա ազատ հանրագիտարանում» սույն տեղեկատվության թարմացումը կատարվել է 28.01.2025թ.), ըստ այդմ, խորհրդանշորեն մնացել է ընդամենը 89 վայրկյան, ինչը մինչև «միջուկային կեսգիշեր» ամենափոքր, ռեկորդային հեռավորությունն է «Դատաստանի օրվա ժամացույցի» պատմության մեջ:

«Դատաստանի օրվա ժամացույցը» 2023թ. կատարված նախկին փոփոխության համեմատ, ինչպես վկայում է համապատասխան միջոցառման հեռարձակումը YouTube- ում, այժմ արդեն մեկ վայրկյանով ավելի մոտ է կեսգիշերին և նրանից բաժանվում է ընդամենը 89 վայրկյանով (1947թ. կեսգիշերից հեռու է եղել 7 րոպեով):

«Աշխարհը զգալի առաջընթաց չի գրանցել մարդկության գոյաբանական սպառնալիքների հարցում,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ , եթերում հայտարարել է «Ատոմային գիտնականների տեղեկագրի» Գիտության և անվտանգության խորհրդի նախագահ Դենիել Հոլթսը։-  Այսպիսով մենք ժամացույցն առաջ ենք տանում: Ժամացույցը կեսգիշերին մոտ տեղափոխելով, մենք ազդանշան ենք ուղարկում»:

Նրա խոսքով՝ «կեսգիշերին մոտ ժամացույցի ցանկացած փոխանցում պետք է դիտարկվի որպես ծայրահեղ վտանգի և անսխալ նախազգուշացման ցուցանիշ»: Հոլթսն ավելացրել է, որ դա ամենաքիչ ժամանակն է մինչև կեսգիշեր, որին աշխարհը մոտեցել է երբևէ:

Ըստ նույն հրապարակման, 2020թ. ժամացույցն առաջին անգամ ցույց է տվել 100 վայրկյան մինչև «միջուկային կեսգիշեր»: Նույն դիրքում սլաքները մնացել են նաև հաջորդ տարի։ 2023թ. հունվարին սլաքները ռեկորդային կերպով մոտեցվել են կեսգիշերին՝ ցույց տալով ընդամենը 90 վայրկյան մինչև կեսգիշեր։ 2024թ. դրանք թողնվել են նույն թվերի վրա, իսկ հիմա, ինչպես արդեն նշեցինք, մնացել է ընդամենը 89 վայրկյան:

2018 և 2019 թվականներին սլաքները ցույց են տվել կեսգիշերից 2 րոպե պակաս: Կեսգիշերից 2 րոպե առաջ են եղել նաև 1953թ.՝ ԱՄՆ- ում և ԽՍՀՄ- ում ջրածնային ռումբերի փորձարկումներից հետո։ Ամենահանգիստը 1991 թվականն է եղել, երբ սլաքները17 րոպեով հեռացվել են միջուկային համաղետից։ Այն ժամանակ ԽՍՀՄ- ը և ԱՄՆ- ը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին, որը կոչված էր նվազեցնել երկրների սպառազինության մեջ պահուստային և տեղակայված միջուկային մարտական բլոկների քանակը, ինչպես նաև նվազեցնել դրանց կրիչների՝ բալիստիկ հրթիռների, հրթիռակիր ռմբակոծիչների և սուզանավերի քանակը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հանդես էր եկել «Դատաստանի օրվա ժամացույցի» քննադատությամբ։ Նրա խոսքով՝ դրանց օգնությամբ իրարանցում են հրահրում հանրային գիտակցության մեջ, երբ պետք է հանդարտվել և խելամիտ գործել։ ՌԴ արտգործնախարարը սա ասել է մեղմելու համար Ուկրաինական հակամարտության (իրականում Ուկրաինայի միջոցով Արևմուտք- Ռուսաստան հակամարտության ) պատճառով միջուկային պատերազմի ծագման հետ կապված այն տագնապը, որը գնալով տարածվում է ողջ աշխարհում, սակայն նույն Լավրովը հենց ինքն է բազմիցս նշել ԱՄՆ- ի և հավաքական Արևմուտքի գործողությունների պատճառով միջուկային պատերազմի, Երրորդ համաշխարհայինի բռնկման վտանգի մասին:

Երկու տարի առաջ՝ 2023թ. հունվարին, ՌԴ արտգործնախարարը, «Ведомости» տեղեկացմամբ , հայտարարել է, որ Արևմուտքը ոչ թե հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այլ գրեթե իրական:

«Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք խոսում ենք այն մասին, որ սա պատերազմ է, այն արդեն գրեթե հիբրիդային չէ, այլ գրեթե իրական է, որն Արևմուտքը երկար ժամանակ նախապատրաստում էր Ռուսաստանի դեմ…»,- ասել է Լավրովը:

Ռուսական իշխանությունները նախկինում բազմիցս մեղադրել են Արևմուտքին ՌԴ- ի դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծելու մեջ: Մասնավորապես, 2022թ. սեպտեմբերին Լավրովն ասել էր, որ այդ գործողությունները ձեռք են բերել «աննախադեպ բնույթ» և նշել, որ հիբրիդային պատերազմի նպատակը Ռուսաստանի տնտեսության և երկրում կայունության ոչնչացումն է, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության մեկուսացումը։ Վերջինը, ինչպես հայտնի է, չստացվեց, ՌԴ տնտեսության ոչնչացումն այս պահին էլ շարունակվում է, դրա և այլ պատճառներով երկրի ներսում կայունությունը վտանգված է:

2023թ. հունվարի 20- ին ԱՄՆ- ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, իր հերթին, հայտարարել էր, որ Ռուսաստանին «մարտի դաշտում» հաղթելու Միացյալ Նահանգների վերցրած ուղեգիծն աշխարհը տանում է դեպի «աղետալի սցենարի»։

2023թ. հունվարի 24-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինային զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի ամենախոշոր մատակարարներ ԱՄՆ- ի և Գերմանիայի ղեկավարներին առաջարկել է դադարեցնել միջուկային ժամացույցի տկտկոցը… Երբ 2023թ. հունվարին «Դատաստանի օրվա ժամացույցի» սլաքը 10 վայրկյանով ավելի է մոտեցվել «միջուկային կեսգիշերին» (մինչ այդ եղած 100 վայրկյանի փոխարեն արդեն 90 վայրկյան), «Bulletin of the Atomic Scientists»-ի նախագահ Ռեյչել Բրոնսոնն ասել է՝ դա նշանակում է, որ «միջուկային ապոկալիպսիսի կետին» խորհրդանշորեն մնացել է 90 վայրկյան։ Սլաքը տեղափոխելու որոշումը կայացվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Այժմ միջուկային պատերազմի բռնկումը, միջուկային համաղետը մարդկության գոյաբանական սպառնալիքները միայն Ուկրաինական հակամարտությամբ չէ, որ պայմանավորված են: Ցանկացած պահի կարող ենք լսել Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կամ Իսրայելի և ԱՄՆ- ի հրթիռա- ռմբային հարվածների մասին, ինչից մինչև միջուկային համաղետ մարդկությանն ընդամենը մեկ քայլ կբաժանի: Նույնը կարելի է ասել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին, եթե պատերազմում ընդգրկվեն նաև Ռուսաստանը և Թուրքիան: Առաջիկայում միջուկային պատերազմ կարող է բռնկվել նաև ԱՄՆ- ի և Չինաստանի միջև Թայվանի խնդրի պատճառով:

Հաջորդիվ կներկայացնենք նաև, թե այս կապակցությամբ ինչ են ասել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=oqifSCvzaFI