ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար կփակի ԵԱՏՄ շուկան․ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ «Երևանը գիտի՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն»:
«Այստեղ լուծումն ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում ԵԱՏՄ հետ: Հակառակ դեպքում կտուժեն մեր արտադրողները ԵԱՏՄ-ում, դա ակնհայտ է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա մանրամասնել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագների»։
«Մեզ համար, իհարկե, ազդանշան է, որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է: Դա ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն ասոցիացիաների կառուցվածքին։
Այստեղ նրանք (հայկական կողմը) միանշանակ գիտեն, որ հետևանքներն այսպիսին են լինելու, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

