Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է «թղթի կտոր», Զանգեզուրի մասին էլ չի մոռացել

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց Զանգեզուրի մասին չի մոռացել և չի մոռանա. այս մասին տրանսպորտային հարցերին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների», – ասել է նա։

Ալիևի խոսքով՝ Բաքուն տարածքային պահանջներ չունի  Երևանի նկատմամբ: Սակայն Հայաստանը «պետք է» կատարի ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով դեպի Նախիջևան անարգել անցումը: Նա հավելել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

Ալիևը նաև ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի դա ընդամենը «թղթի կտոր» է:

«Հայաստանն առաջ քաշեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին այն չներկայացնի։ Չնայած այս, այսպես կոչված, «նախագիծն» առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի»,- ասել է Ալիևը՝ տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպման ժամանակ։

«Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Եվ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»,- հավելել է Ալիևը։