Արցախի իշխանությունը մինչև վերջ մնացել է Արցախում, որ վերջին մարդը դուրս գա. Արցախի ՆԳ նախարար

Մեր ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչները, նախագահները մինչև վերջ մնացին Արցախում, իրենք չէին էլ մտածում ժողովրդից առաջ դուրս գալու մասին, մնացին մինչև վերջին մարդը դուրս գա: Այս մասին Եռաբլուրում 24news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:

Հարցին՝ բավարար քայլեր անո՞ւմ են նրանց հետ բերելու համար, նա պատասխանեց. «Իհարկե, ամեն ինչ արվում է, ինչ մեր ձեռքերում է, բայց մենք գործ ունենք թշնամու հետ»:

Հարցին, թե պետությունը բավարար քայլեր անո՞ւմ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար, Սարգսյանն ասաց. «Ես տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ անում է»:

Նա նաև հերքել է քաղաքական դաշտում տարածված այն լուրերը, թե Արցախի նախագահները հանձնվել են Ադրբեջանին այն բանից հետո, երբ ինքն ու մի խումբ այլ մարդիկ ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից ու պահվել այնքան ժամանակ, քանի դեռ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանն ու մյուսները չեն հանձնվել։