Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ տոմատի մածուկի շուկայում գործող 20-ից ավելի տնտեսվարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոքսքով, վարչարարության նպատակն էր գնահատել, թե շուկայում վաճառվող մածուկը համապատասխանո՞ւմ է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
«Ուսումնասիրել ենք, թե շաքարի, աղի կամ այլ նյութերի պարունակությունը համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին։ Հաճախ սպառողները նախընտրում են լավ կարմիր գույնի, խիտ տոմատի մածուկ, ինչը նրանց մոտ ստեղծում է բարձր որակի տպավորություն։ Սակայն որոշ դեպքերում արտադրողները կարող են այլ մեխանիզմներով ավելացնել չոր նյութերի քանակը՝ խտությունը մեծացնելու համար»,- նշել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ ներկայում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն արտադրանքի որակին և քանակին, այլև սպառողին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությանը։

