Փաշինյանն իր վրա է վերցրել Ցեղասպանության թեման փակողի ֆունկցիան. Մենուա Սողոմոնյան
Մենք ականատես ենք լինում մի իրողության, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությունը ներթափանցում է Հայաստան, ներթափանցում է Հայաստանի ղեկավարման բարձրագույն օղակ: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի և վարչության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը:
«ՀՀ գործող վարչախումբը իր վրա վերցնում է Հայոց ցեղասպանության ժխտման, նենգափոխման, թուրքական ժխտողականության շարունակությունը։ Ես ուզում եմ շատ կարճ հիշեցնել, որ հենց Աթաթուրքի կառավարման ժամանակաշրջանից սկսած, դեռևս 1919 թվականից սկսած Հանրապետական Թուրքիան սկսեց շրջանառել այն տեսակետը, որ հայերի կոտորածները Օսմանյան կայսրությունում իբրև թե չեն կրել համակարգված բնույթ, դրանք եղել են ի պատասխան անջատողականության, ի պատասխան սադրանքների։
Հետագայում ամբողջ 20-րդ դարի ընթացքում թուրքական պատմագիտական շրջանակները հետևողականորեն զարգացրեցին այս տեսակետը և նաև հայերի կոտորածների մեղսակցությունը վերագրելով հենց հայերին, ինչպես նաև արտաքին ուժերին։
Երբ հայ-թուրքական հաշտեցման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները տեղի էին ունենում նորանկախ Հայաստանում, թուրքական կողմը անընդհատ առաջ էր տանում այն տեսակետը, որ պետք է պատմաբանների խորհուրդ ստեղծվի և պատմաբանները իրար հետ պետք է քննարկեն այդ հարցը: Հայկական պաշտոնական դիրքորոշումը հետևյալն էր, որ պատմական եղելությունը քննարկման առարկա չէ: ՀՀ-ն չի մտնում որևէ գործընթացի մեջ, որը կվերաբերի պատմական անցքերի ուսումնասիրությանը և որը նպատակ կունենա, իբրև թե, քննարկելու եղելությունը, դրա հետ կապված հարցերը: Այսօր Նիկոլ Փաշինյանը անոնսեց, որ ինքն իր վրա է վերցնում Ցեղասպանության եղելությունը պատմաբանների տեսանկյունից քննարկելը, ուսումնասիրելը և գնահատական տալը։ Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ ինքը հանդիսանում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և դրանով Արցախի էթնիկ զտման դուռը բացած պաշտոնյա, նաև սրանով իր վրա վերցնում է Հայոց ցեղասպանության թեման փակողի այդ ֆունկցիան, Հայոց ցեղասպանությունը ժխտողի, կասկածի տակ դնողի այդ ֆունկցիան»,- հայտարարեց Սողոմոնյանը:

