Պուտինն Իրանի նախագահի հետ կստորագրի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին Կրեմլում կանցկացնեն բանակցություններ, որոնց արդյունքում կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Սպասվում է, որ հանդիպման օրակարգը կլինի ընդարձակ և կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր։ Դրանց թվում է իրադրության զարգացումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։ Նաև կքննարկվեն իրադրությունն Անդրկովկասում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հայտարարվել են նաև մի քանի երկկողմ թեմաներ․ առևտուր և ներդրումներ, տրանսպորտ և լոգիստիկա, հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնում։
Ենթադրվում է, որ բանակցությունների ավարտին Պուտինն ու Փեզեշքիանը հայտարարություններ կանեն ԶԼՄ-ների համար:

