Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ։ Նրանց մտահոգում է հունվարի 1-ից  հարկերի բարձրացումը։

«Մեզ հետ ոչ քննարկում է եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ենք օրենք են ընդունում, որ հունվարի 1-ից  պետք է 10 տոկոս հարկ վճարենք՝ 5 տոկոսի փոխարեն։ Կառավարության որոշմամբ՝ առաջվա 5 տոկոս շրջանառության հարկը դառնում է 10 տոկոս, նաև 20 տոկոս են տուգանում, երկրորդ անգամ 50 տոկոս, եթե գան ստուգեն ու մեր ցույց տվածը չհամապատասխանի»,-  իր մտահոգությունը հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշում են, որ եթե իրենց առաջարկությունները, մտահոգություններ չլսեն, իրենք իրավաբան կվարձեն ու նրա միջոցով կփորձեն իրենց հարցերը հասցնել կառավարությանը։

«Մենք դեմ չենք հարկ վճարելուն։ Առաջարկություն եմ արել Նիկոլ Փաշինյանին անձնական նամակով՝ գույքագրում լինի, բայց վերացնեն փաստաշրջանառությունը, խիստ հսկողություն սահմանեն։  Պատասխան չեմ ստացել։

2018 թվականի հեղափոխությանը բոլորս էլ մասնակցել ենք։ Պատերազմում տղաս զոհվել է, դրանից հետո իրեն չեմ ընտրել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն առանձնանում է մյուս ոլորտներից։ Ոսկու առևտուրը ոչ մի առևտրի հետ կապ չունի»,- լրագրողներին ասաց Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը, նշելով, որ պետք է ազգը ոտքի կանգնի ու խոսի բոլոր խնդիրների մասին. «Օրինակ, տրանսպորտի թղթերից, որոնք  4 օրում դառնում է թթված մայոնզես, ինչի՞ համար։
Չենք աշխատի, ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար»։