Վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների գործընթացը կդյուրացվի «մեկ պատուհան» սկզբունքով
Կառավարությունը հրապարակել է «Վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների գործընթացի պարզեցման մասին» որոշման նախագիծը՝ նպատակ ունենալով դյուրին դարձնել գործընթացը և նվազեցնել քաղաքացիների վարչարարական բեռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նախատեսում է սահմանել, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն գերեզմանատան տնօրինությանը, որը տվյալները կուղարկի պետական կազմակերպությանը՝ եզրակացություն ստանալու նպատակով։
Վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների թույլտվության վերաբերյալ եզրակացություններն անմիջականորեն կտրամադրի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կամ այլ համապատասխան մարմին։ Եզրակացության տրամադրումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով՝ մեկ օրվա ընթացքում, ինչը զգալիորեն կկրճատի գործընթացի ժամկետը։ Քաղաքացիները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն միայն գերեզմանատան տնօրինությանը, որը կկազմակերպի մնացած գործընթացը, եզրակացությունը կտրամադրվի անվճար։
Բացի այդ, վերանայվել են ներկայացվող փաստաթղթերի պահանջները՝ բացառելով գերեզման օգտագործողի համաձայնության անհրաժեշտությունը պետական կազմակերպության գործընթացում։
Գործընթացի պարզեցման արդյունքում կկրճատվի քաղաքացիների վարչարարական բեռը, հատկապես մահացածի հարազատների համար։
Կառավարությունը կանխատեսում է, որ նոր իրավակարգավորումների շնորհիվ կբարձրանա վարչարարության արդյունավետությունը և կկրճատվեն ժամկետները։
Ամբողջ գործընթացը կհամապատասխանի «մեկ պատուհան» սկզբունքին՝ քաղաքացիների համար ապահովելով ավելի հարմարավետ և հստակ կարգավորումներ։

