Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ մենք չէինք կարող զբաղվել արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցով․ Ալիև
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայկական մեդիատիրույթում Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ի հարցազրույցի որոշակի դրվագների քննարկումների համատեքստում անհրաժեշտ եմ համարում ներկայացնել շատ խոսուն հատվածներ, որոնք, ըստ էության, անգամ մեկնաբանության կարիք չունեն: Ուղղակի կարդացեք:
«Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ մենք չէինք կարող զբաղվել արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հայրենիք վերադառնալու հարցով…Ճիշտ է, 10 տարի առաջ ես ներառեցի այդ հացը քաղաքական օրակարգ և իմ հանձնարարությամբ ադրբեջանական գիտնականները այդ ժամանակ սկսեցին ստեղծել գիտական աշխատանքներ Երևանի խանության և արևմտյան ադրբեջանցիների անցյալի կյանքի, բնակավայրերի մասին, տպագրվեցին պատմական քարտեզներ…Նախ և առաջ, մեկ միասնական կազմակերպության ձևաչափում միավորվեցին Արևմտյան Ադրբեջանի մի քանի պետական կառույցներ: …Մեր ոչ կառավարական կազմակերպությունների ու պետության գործունեության նպատակն է ապահովել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց նախնիների հողեր, գյուղեր և քաղաքներ, որտեղ նրանք ապրել են: Այդ պահանջը համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին և սկզբունքներին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այսօրվա Հայաստանի տարածքը համարյա ամբողջությամբ պատմականորեն ադրբեջանաբնակ են եղել: Այսօր մենք ասում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ, բայց Ադրբեջանի տարբեր շրջաններում այսօր բնակվող տեղահանված բնակչությունը, նրանց թոռները բազմակի անգամ ավելի են այդ 300 հազարից: Նայեք Ռուսական կայսրության 19-րդ դարի քարտեզները, որտեղ ակնհայտ է, որ բոլոր տոպոնիմները ադրբեջաներեն են, կամ Ռուսական կայսրության 20-րդ դարի քարտեզները, որտեղ նույնպես բոլոր քաղաքների անվանումները ադրբեջանական ծագում ունեն: Այնտեղ դուք չեք տեսնի Սևանի լիճ անվանումով լիճ, գրված է Գոյչա լիճ: Երբ մենք ասում ենք, որ դա մեր պատմական հողն է, մենք ճշմարտությունն ենք ասում: Նույնիսկ Հայաստանի առաջին ֆաշիստական նախագահի ելույթում, որ վերջերս հայտնվել է մամուլում, նա ինքն է հայտարարում, որ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում երեք շրջաններում: Զանգեզուրում բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին: Այո, ոչ բոլոր գյուղերն էին միայն ադրբեջանաբնակ, որովհետև միայն 20-րդ դարում մեզ տեղահանել են 3 անգամ և այդ տեղահանությունը մեծ հետևանքներ էր ունենում: 1920 թվականին Զանգեզուրը անջատվեց Ադրբեջանից և միացվեց Հայաստանին: Դրանից երկու տարի առաջ, ցավոք, Ադրբեջանի Ժողովրդական հանրապետությունը Հայաստանին ներեց/նվիրեց Երևանը և այդ օրվանից որոքան է տուժել մեր ժողովուրդը: Այդ պատճառով ժամանակն է, որ Հայաստանը պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների համար իրենց նախնիների հայրենիք վերադառնալու համար, և, իհարկե, մենք սպասում ենք հստակ/ճշգրիտ և համապատասխան դիրքորոշում հայկական ղեկավարության կողմից: Ամեն դեպքում նրանք նախընտրում են լռել, այդուհանդերձ, մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը և սպասում ենք նրանցից կոնկրետ պատասխան…Հատկապես, եթե հաշվի առնենք, որ գյուղերի բացարձակ մեծամասնությունը, որտեղ ապրում էին ադրբեջանցիներ, այսօր բացարձակապես դատարկ են, այնտեղ ոչ ոք չի ապրում, վերադարձը այդ բնակավայրեր այդքան էլ մեծ խնդիր չի լինի…Ընդամենը պետք է երաշխավորել անվտանգություն, ճանաչել նրանց այնտեղ ապրելու իրավունքը և ապահովել կյանքի համար անհրաժեշտ պայմաններ:
…Կարծում եմ, լավ կլինի, եթե Հայաստանի վարչապետն ընդունի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին, և, որքան ես տեղյակ եմ, նրանք նույնպես պատրաստ են մեկնել Երևան:.. Հայաստանն այսօր ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ուղիով գնացող երկիր: Եթե նրանց վարչապետն այդ չի անում, ապա ի՞նչ եվրոպական ժողովրդավարություն է: Ըստ որում, կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանը և Եվրոհանձնաժողովը պետք է այս հարցով դիրքորոշում հայտնեն: Սա լուրջ խնդիր է, հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների վերականգման հարց, արդարության հարց, մարդու իրավունքների հարց…Այդ միաժամանակ ցույց կտա, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ֆաշիստական չէ, որովհետև նախորդ երեք նախագահները ֆաշիստներ են եղել… Ու թող բոլորը իմանան, Հայաստանը և բոլոր նրանք, ովքեր կանգնած են նրա թիկունքին, այդ հարցը մեր օրակարգից դուրս չի գալու այնքան ժամանակ մինչև ադրբեջանցիները չվերաբնակվեն Արևմտյան Ադրբեջանում և անվտանգ չլինեն Արևմտյան Զանգեզուրում»»:

